Հարավային Ասիայում կորոնավիրուսի շարունակական տարածման հետևանքով աղքատության մեջ ապրող երեխաների թիվը կարող է ավելանալ 120 մլն-ով: CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրապարակած նոր զեկույցում:
Հարավային Ասիայում, որտեղ բնակվում է ողջ աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդը, վերջին մի քանի շաբաթում զգալիորեն ավելացել է «Քովիդ-19»-ով վարակվածների թիվը. միայն Հնդկաստանում մինչ օրս ավելի քան 440 000 մարդ է վարակվել:
ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցում, որը ստացել է «Ինչպես է «Քովիդ-19»-ը սպառնում Հարավային Ասիայում բնակվող 600 մլն երեխաների ապագային» խորագիրը, նշվում է, որ մինչդեռ երեխաները քիչ խոցելի են վիրուսով վարակվելու հարցում, նրանց վրա խիստ ազդեցություն են ունենում դրա հետևանքները, այդ թվում՝ մեկուսացման և համավարակով պայմանավորված այլ միջոցառումների տնտեսական և սոցիալական հետևանքները:
Զեկույցում ներկայացված ութ երկրներում՝ Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Նեպալում, Բութանում, Բանգլադեշում, Մալդիվներում և Շրի Լանկայում, շուրջ 240 մլն երեխա արդեն իսկ գտնվում է բազմաչափ աղքատության մեջ, երբ մի անձի աղքատությունն ազդում է բազմազան գործոնների՝ առողջության, կրթության, աշխատանքի որակի վրա:
Ըստ զեկույցի՝ համավարակի հետևանքով առաջիկա վեց ամիսների ընթացքում ևս 120 մլն երեխա կարող է հայտնվել աղքատության շեմից այն կողմ:
Ինչպես նշվում է, մեկուսացման ժամանակահատվածում երեխաները կարող են ենթարկվել հետևյալ ռիսկերին. դպրոցի անհասանելիությունը, սննդակարգի ծրագրումը, պատվաստանյութի ծրագրերի ներգրավվածության խոչընդոտումը և բռնության ենթարկվելու վտանգը: