Վրաստանում քննարկվում է սեպտեմբերից դպրոցական տպագիր դասագրքերին զուգահեռ էլեկտրոնային դասագրքեր ստեղծելու հարցը

Վրաստանում քննարկվում է սեպտեմբերից դասական տպագիր դասագրքերին զուգահեռ էլեկտրոնային դասագրքեր ստեղծելու հարցը, որոնք, սակայն, չեն փոխարինելու տպագիր դասագրքերին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի կրթության փոխնախարար Էկա Դգեբուաձեին:

Դգեբուաձեի խոսքով ՝ նախարարությունը սկսել է աշխատել էլեկտրոնային ռեսուրսների մշակման ուղղությամբ «Նոր դպրոցական մոդել» ծրագրի շրջանակում, որը ներառում է դպրոցներում տեխնոլոգիայի ներդրում և տարբեր էլեկտրոնային ռեսուրսների հասանելիություն:

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համավարակի պայմաններում ավելացել է տարբեր էլեկտրոնային ռեսուրսների հասանելիության պահանջարկը: Ելնելով դրանից`մենք հանդիպում կազմակերպեցինք հրատարակողների հետ և երկխոսություն սկսեցինք: Սա աշխատանքային գործընթաց է, հանդիպումները շարունակվելու են: Նախ ես պետք է նշեմ, որ դպրոցներում բոլոր սովորողները տպագիր գիրք ստանալու են: Միևնույն ժամանակ ռեսուրսներն ավելի բազմազան դարձնելու նպատակով մենք զրուցեցինք հրատարակողների հետ և առաջարկ արեցինք նախարարության թույլտվությամբ տպագիր դասագրքերը դարձնել նաև PDF էլեկտրոնային տարբերակով»,-ասել է Դգեբուաձեն:

Փոխնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խոսքը բազմազանության մասին է, և էլեկտրոնային գրքերը ոչ մի դեպքում չեն փոխարինելու դրանց տպագիր տարբերակներին:

Tert.am