ԱՄՆ քաղաքացիների 80 տոկոսը կարծում է, որ երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. հարցում

ԱՄՆ բնակիչների մեծ մասը կարծում է, որ երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, գրում է հեղինակավոր Forbes պարբերականը՝ հղում տալով The Wall Street Journal-ի և NBC News-ի հարցմանը։

Հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ երկրում իրավիճակն արդեն անվերահսկելի է, իսկ 15 տոկոսը հակառակ կարծիքին է։

Հայտնի է, որ հարցումն անցկացվել է կորոնավիրուսային համավարակի և Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Տեղական իշխանություններն արդեն հայտարարել են, որ քաղաքի ոստիկանությունը լուծարվելու է, դրա փոխարեն հասարակական անվտանգության ապահովման նոր մոդել է գործելու։

«Մեզ վրա պարտավորություն ենք վերցրել վերացնել ոստիկանական այն գործունեությունը, որին ականատես ենք եղել Մինեապոլիսում, և հասարակական անվտանգության ապահովման նոր մոդել սահմանել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:

Մի շարք քաղաքներում ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնց ընթացքում գողության, վանդալիզմի, հրկիզման դեպքեր են գրանցվել։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև:

Երկրում նաև կորոնավիրուսային իրավիճակն է խորանում․ այստեղ գրանցվել է վարակման ավելի քան 2 միլիոն դեպք, որից 112 471-ը՝ մահվան ելքով։

tert.am