ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում ոստիկանները ճեղքել են ակցիայի մասնակիցների կանգնեցրած արգելապատնեշները և ձերբակալություններ կատարել:
New York Post-ի փոխանցմամբ՝ Մանհեթենում շաբաթ գիշերը ձերբակալվել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դուստրը՝ 25-ամյա Կիարա դե Բլասիոն: Ըստ Նյու Յորքի իրավապահների՝ քաղաքապետի դուստրը Բրոդվեյ փողոցում խոչընդոտել է երթևեկությանը և ձերբակալվել է, քանի որ հրաժարվել է տեղից շարժվել:
Ցույցերի ժամանակ Նյու Յորքում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել: Երկու ոստիկանական ավտոմեքենա մտել է ցուցարարների ամբոխի մեջ: Նյու Յորքի քաղաքապետը հետաքննություն է սկսել, հաղորդում է CNN-ը: Ցուցարարները արգելապատնեշներ էին կառուցել՝ թույլ չտալով ոստիկանական 2 ավտոմեքենաների տեղաշարժը: Դրանցից մեկը շրջանցել է արգելապատնեշը՝ մտնելով ցուցարարների ամբոխի մեջ և վրաերթի ենթարկելով նրանցից մի քանիսին: Երկրորդ ավտոմեքենան հարվածել է արգելապատնեշին՝ գցելով մի քանի ցուցարարների: Զոհեր և վիրավորներ չեն եղել:
CNN-ը նաև հայտնում է, որ Նյու Յորքի նահանգապետը և Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը գովել են այն ոստիկանններին, ովքեր Ֆլոյդի սպանության համար արդարադատություն պահանջող խաղաղ ցուցարարների կողքին ծնկի են իջել:
Ցույցեր են տեղի ունեցել Մինեապոլիսում, Վաշինգտոնում, Մայամիում, Բոստոնում, Ինդիանապոլիսում, Սանտա Մոնիկայում և այլուր:
Reuters-ը հաղորդում է, որ ամերիկյան 16 նահանգների 25 քաղաքներում տեղի իշխանությունները պարետային ժամ են համանել: Հասարակական կարգը պահպանելու համար տարբեր 15 նահանգում և Կոլումբիայի շրջանում տեղակայվել է Ազգային գվարդիայի 5000 ծառայող:
Ի դեպ, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ոչ միայն ամերիկյան քաղաքներում, այլև Լոնդոնում և Բեռլինում:
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանության հետ վիճաբանությունից հետո մահացել էր 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որն անզեն էր եղել: Ոստիկաններից մեկը գրեթե 9 րոպե ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում միջադեպից կարճ ժամանակ անց:
Միջադեպի մասնակից 4 ոստիկանները ազատվել են աշխատանքից, իսկ Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր ոստիկանի դեմ քրեական գործ է հարուցվել մարդասպանության մեղադրանքով:
Աղբյուրը՝ shantnews.am