Աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2 ամսում ավելացել է $255 մլրդ-ով. Forbes

Աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը վերջին երկու ամսում ավելացել է մոտ 255 մլրդ դոլարով՝ չնայած կորոնավիրուսի համավարակին:

Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը՝ նշելով, որ ֆինանսական առումով հաշվետու ժամանակահատվածն առավել հաջողակ է եղել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համար: Նրա կարողությունն ավելացել է 31 մլրդ դոլարով՝ հասնելով 86.5 մլրդ դոլարի: Ցուկերբերգի կարողության ավելացման պատճառը Facebook-ի բաժնետոմսերի զգալի գնաճն է:

Աշխարհի մեծահարուստների ցանկում Ցուկերբերգը բարձրացել է 4-րդ հորիզոնական: Ապրիլին նա 7-րդ տեղն էր զբաղեցնում:

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը վերջին երկու ամսում 29.9 մլրդ դոլար է աշխատել բաժնետոմսերի գնաճի շնորհիվ: Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը ներկա պահին կազմում է 146.9 մլրդ դոլար:

Բիլ Գեյթսի կարողությունն ավելացել է 11.9 մլրդ դոլարով՝ հասնելով 106.5 մլրդ դոլարի: LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի Բեռնար Առնոյի ակտիվների արժեքն ավելացել է 12.8 մլրդ դոլարով՝ հասնելով 94.1 մլրդ-ի: Իսկ Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթի կարողությունն ավելացել է 6 մլրդ դոլարով՝ հասնլով 69.2 մլրդ-ի:

Բացի այդ, ավելացել են Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնի, Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերի, Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջի, Սերգեյ Բրինի և իսպանական Zara խանութների ցանցի սեփականատեր Ամանասիո Օրտեգայի կարողությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ այս տարվա մարտի 18-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում «ԱՄՆ-ի 600+ ամենահարուստ մարդկանց» ցուցակում գտնվողները ընդհանուր առմամբ հարստացել են 434 միլիարդ դոլարով:

tert.am