34-ամյա հայազգի տղամարդը ձերբակալվել է մահափորձ կատարելու կասկածանքով

ktla.com -ի փոխանցմամբ Բըրբանքի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա Գևորգ Հովհաննիսյանին, ով կասկածվում է մահափորձ կատարելու մեջ։

Բըրբանքի ոստիկանական բաժանմունքից տեղեկացնում են, որ դեպքը պատահել է երկուշաբթի՝ 18:15, երբ բազմաթիվ հրազենային վնասվածքներով 39-ամյա մի տղամարդ է հայտնաբերվել տներից մեկի բակում։ Տուժածը փոխադրվել է տեղի բժշկական հաստատություն ու ենթարկվել վիրաբուժական միջամտության. նրա առողջական վիճակը կայուն է։

Քննիչները, ըստ ոստիկանական տվյալների, կասկածյալ են ճանաչել Տուջունգայի 34-ամյա բնակիչ Գևորգ Հովհաննիսյանին։ Երեքշաբթի նրան հայտնաբերել են իր մեքենայում, որը կայանված էր իր տան մոտակա ՄաքԴոնալդսի կայանատեղիում։ Տղամարդը ձերբակալվել է։

Քննությունը հայտնում է, որ կրակոցներն ամենայն հավանականությամբ բռնության պատահական ակտ չէին, քանի որ Հովհաննիսյանն ու տուժած կողմը ճանաչում էին իրար։