Մադրիդի ինքնավար շրջանի ղեկավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացրել Իսպանիայի կառավարության դեմ` կապված առողջապահության նախարարության` համայնքում կարանտինի մեղմացման արգելքի հետ: Երկրի մեծ մասում կարանտինի մեղմացման քայլեր են կատարվում, բայց Մադրիդի շրջանին դա դեռևս թույլ չի տրվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մայրաքաղաքային շրջանի իշխանությունները արդեն 3 անգամ առողջապահության նախարարությանը խնդրել են թույլ տալ մեղմացնել կարանտինը և երկու անգամ մերժվել են: Վերջին խնդրանքը դեռևս պատասխան չի ստացել:
«Ըստ տվյալների` առողջության ցուցանիշները, վարակման նոր դեպքերի հայտնաբերման և հսկողության տակ պահելու հնարավորությունը, ինչպես նաև Մադրիդի առողջապահական համակարգի` կորոնավիրուսի նոր բռնկումը կանխելու ռազմավարական հնարավորությունները փուլային փոփոխություն կատարելու հնարավորություն են տալիս»,-ասված է շրջանի ղեկավարության հայտարարությունում:
Ներկայում Իսպանիայի տարածքի մեծ մասը, որտեղ բնակվում է բնակչության մոտ 70%-ը, արդեն անցել է կարանտինային միջոցառումների մեղմման առաջին փուլին, որով թույլ է տրվել ռեստորանների և բարերի աշխատանքի վերսկսումն ու մինչև 10 հոգանոց խմբերով հանդիպումները:
Մի քանի փոքր Կանարյան և Բալեարյան կղզիներ անցել են մեղմման երկրորդ փուլին:
Այնուամենայնիվ, մի շարք տարածաշրջաններ, այդ թվում ՝ Մադրիդը և Բարսելոնան, ինչպես նաև «Կաստիլյա Լեոնեի» մի մասը մնացել են զրոյական փուլում: Միևնույն ժամանակ, այն շրջանների համար, որոնք մնացել են նախնական փուլում, առողջապահության նախարարությունը երկուշաբթի օրվանից նաև զիջումներ է կատարել, մասնավորապես, փոքրիկ խանութներին և արտադրամասերին թույլատրվում է աշխատել առանց նախնական գրանցման, գրադարանները, սոցիալական հաստատությունները, թանգարանները վերսկսել են իրենց աշխատանքը (այցելուների ընդունելության 30% սահմանաչափով), հուղարկավորություններին կարող է մասնակցել մինչև 10 հոգի: Կրոնական հաստատությունները կարող են այցելուներ ընդունել հաստատությունների տարողունակության մեկ երրորդի չափով:
Մադրիդի ինքնավար շրջանի ղեկավարությունը կարծում է, որ երկրի կառավարությունը կողմնակալ է և շրջանի նկատմամբ կիրառում է չափանիշներ, որոնք տարբերվում են երկրի այլ հատվածներում կիրառվող չափանիշներից:
«Մադրիդի շրջանը հիմնավոր կասկածներ ունի երկրի բոլոր շրջաններում ցուցանիշների հավասար դիտարկման վերաբերյալ: Շրջանային կառավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ առողջապահության նախարարության` կորոնավիրուսից դուրս գալու փուլային փոփոխության որոշման դեմ»,-ասված է հայտարարությունում:
Վերջին տվյալներով` Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 279 524 դեպք, մահացել է 27 888 մարդ: