ԵՄ խորհուրդը չորեքշաբթի հաստատել է 3 մլրդ եվրոյի չափով 10 երկրների հատկացվելիք վարկային օգնությունը, որն ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
«ԵՄ խորհուրդը հավանության է արժանացրել 10 երկրների մինչև 3 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին Եվրահանձնաժողովի առաջարկը:
Ֆինանսական օգնությունը կհատկացվի վարկերի տեսքով՝ շահավետ պայմաններով: Միջոցները հասանելի կլինեն 12 ամսվա ընթացքում և կփոխանցվեն երկու տրանշով, վարկի մարման առավելագույն ժամկետը 15 տարի է»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանն այս փաթեթը հաստատել էր մայիսի 15-ին: Այժմ Եվրահանձնաժողովը կարող է սկսել բաշխել այդ օգնությունը:
Այդ միջոցներից գումար կստանան Ուկրաինան (1.2 մլրդ եվրո), Թունիսը (600 մլն եվրո), Բոսնիա և Հերցեգովինան (250 մլն եվրո), Հորդանանը (200 մլն եվրո), Ալբանիան (180 մլն եվրո), Հյուսիսային Մակեդոնիան (160 մլն եվրո), Վրաստանը (150 մլն եվրո), Մոլդովան և ինքնահռչակ Կոսովոն (100 մլն-ական եվրո), Չեռնոգորիան (60 մլն եվրո):