ԱՄՆ-ն Ռուսաստան է ուղարկել թոքերի արհեստական օդափոխման սարքերի առաջին խմբաքանակը

ԱՄՆ-ից Ռուսաստան է ուղարկվել թոքերի արհեստական օդափոխման սարքերով բեռնված առաջին ռազմական ինքնաթիռը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջում:

«ԱՄՆ-ն միանում է կորոնավիրուսից տուժած մարդկանց համար նախատեսված մատակարարումներին ողջ աշխարհով մեկ: Թոքերի արհեստական օդափոխման սարքերով այս մարդասիրական օգնությունն ուղարկվել է Մոսկվա և կյանքեր կփրկի Ռուսաստանի ամենատուժած քաղաքում: Ամերիկան աղոթում է և բարեմաղթանքներ է ուղարկում ռուս ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն անշահախնդիր կօգնի Ռուսաստանին՝ սարքեր ուղարկելով, որոնք կմատակարարվեն երկու չվերթով:  

Tert.am