ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունում (USCIS) գրին քարտ (անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, որը հաստատում է ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձի կացության իրավունքի առկայությունը և նրան աշխատելու հնարավորություն ընձեռում), քաղաքացիություն ստանալու և այլ ծրագրերի մասնակցելու հայտերի թիվը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը, գրում է The New York Times-ը:
ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, որն իր աշխատանքը ֆինանսավորելու համար ապավինում է դիմումատուներից գանձվող վճարներին, հայտարարել է, որ ամռանը կարող է սպառել իր ֆինանսական միջոցները, քանի որ համավարակի հետևանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների և այլ արտոնությունների համար:
«COVID-19-ի համավարակի հետ կապված՝ USCIS-ի եկամուտները կտրուկ նվազել են», – հայտարարել է գործակալության ներկայացուցիչը՝ նշելով, որ ընթացիկ ֆինանսական տարվա վերջին հասույթը կարող է նվազել ավելի քան 60 տոկոսով, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին:
Նրա խոսքով՝ առանց Կոնգրեսի 1,2 մլրդ դոլարի ներդրման գործակալությունը չի կարողանա մի քանի ամսվա ընթացքում ֆինանսավորել իր գործունեությունը:
Պարբերականը նաև նշում է, որ ծառայությունը նախատեսում է հավաքագրումների համար սահմանել 10 տոկոս «հավելավճար», բացի ավելի վաղ հայտարարված գների բարձրացումից, որն արդեն պլանավորվում է սահմանել առաջիկա ամիսներին:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում աշխատատեղերի պակասի պայմաններում ԱՄՆ-ում ներգաղթի ժամանակավոր դադարեցման մասին:
Նախագահն ընդգծել էր, որ ամերիկացիների նկատմամբ անազնիվ և սխալ կլինի նրանց արտերկրից ժամանած նոր աշխատուժով փոխարինելը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն օրենքի ուժ կունենա 60 օր, որից հետո դրա գործողության երկարաձգումը կամ փոփոխությունները կդիտարկվեն՝ տնտեսական իրադրությունը հաշվի առնելով։
Հրամանագիրը վերաբերում է միայն նրանց, ովքեր հավակնում են մշտական բնակության թույլտվության, այլ կերպ ասած`գրին քարտ ստանալուն։