Համաշխարհային առաջնորդները խոստացել են $8 մլրդ հատկացնել կորոնավիրուսի բուժման և պատվաստանյութի ստեղծման համար

Համաշխարհային առաջնորդները 8 մլրդ դոլար են խոստաել հատկացնել նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշման, բուժման և պատվաստանյութի մշակման համար:

Ինչպես հայտնում է CNN-ը, նվիրատվություններն իրականացվել են այսօր Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած առցանց համաժողովի ժամանակ, որը համանախագահել են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Նորվեգիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը: ԱՄՆ-ն չի մասնակցել:

«Այսօր աշխարհն արտասովոր միասնություն դրսևորեց համընդհանուր բարօրության համար: Կառավարություններն ու համաշխարհային առողջապահական կազմակերպությունները միացել են կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին: Այսպիսի նվիրվածությամբ մենք պատվաստանյութի մշակման, արտադրման և բոլորին հասցնելու ճանապարհին ենք: Այնուամենայնիվ, սա դեռ սկիզբն է: Մենք պետք է պատրաստ լինենք շարունակելու ջանքերն ու ավելին նվիրաբերել: Ներդրումների մարաթոնը կշարունակվի»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:  

Ինչպես հաղորդվում է, Նորվեգիան 1 մլրդ դոլար է խոստացել, Շվեյցարիան՝ $381 մլն, Նիդերլանդները՝ $209.5 մլն, Ավստրալիան՝ $226 մլն, Իտալիան՝ $152.7 մլն, Հարավային Կորեան՝ $50 մլն, Քուվեյթը՝ $40 մլն, Իսրայելը՝ $60 մլն, Հարավային Աֆրիկան՝ $1.3 մլն, ինչպես նաև $61 մլն՝ Աֆրիկյան միության անդամ երկրներից:

Իռլանդիան կորոնավիրուսի դեմ կներդնի $20 մլն, Լյուքսեմբուրգը՝ $5.45 մլն, Շվեդիան՝ $17 մլն, Պորտուգալիան՝ $10.9 մլն, Խորվաթիան՝ $1.09 մլն, Ֆինլանդիան՝ $39.3 մլն, Սերբիան՝ $2.18 մլն, Սլովենիան՝ $3.6 մլն, Բուլղարիան՝ $109 000, Ռումինիան՝ $218 000: Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան համատեղ $ 3.27 մլն դոլար կհատկացնեն:

Tert.am