Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին ասել է, որ վարակի զոհերի թիվը, հավանաբար, չի հատի հարյուր հազարը:
«Լիահույս ենք, որ կորոնավիրուսի զոհերի թիվը չի անցնի հարյուր հազարը՝ չնայած, որ սա սարսափելի թիվ է»,-Թրամփի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը համավարակը «կեղծիք» էր որակել՝ զգալիորեն թերագնահատելով դրա վտանգը: Իր նախկին ճեպազրույցներից մեկում նա կանխատեսել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը կտատանվի 100 000-200 000-ի սահմանում:
Հայտնի է, որ կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ, ըստ մեկ այլ աղբյուրի՝ worldometers.info կայքի, գրանցվել է վարակման 1 131 492 դեպք, որից 65 776-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների առաջին տասնյակում են ներառվել Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: