Նոր տեսակի կորոնավիրուսը, հավանաբար, կշարունակի տարածվել 18 ամսից մինչև 2 տարվա ընթացքում, ինչը կհանգեցնի բնակչության 60-70 տոկոսի վարակմանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով համավարակի հարցով փորձագետների կանխատեսումները, որը ներկայացվել է հինգշաբթի հրապարակված զեկույցում:
Փորձառու մասնագետները խորհուրդ են տվել, որ ԱՄՆ-ն պատրաստ լինի վատագույն սցենարի, որը ներառում է կորոնավիրուսի տարածման երկրորդ խոշորագույն ալիքն աշնանը կամ ձմռանը:
«Այս ամենը չի դադարի, քանի դեռ մարդկության 60-70 տոկոսը չի վարակվել»,- հեռուստաալիքի հետ զրույցում շեշտել է Մինեսոտայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Մայք Օստերհոլմը:
Համավարակի վտանգների մասին վերջինս աշխատություններ է գրել վերջին 20 տարվա ընթացքում և խորհուրդներ տվել մի քանի նախագահների: Նոր զեկույցը նա պատրաստել է այլ մասնագետների՝ համաճարակաբանների, պատմաբանների և համավարակի փորձագետների հետ միասին:
Աղբյուրը՝ tert.am