ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու պլան ունի

ԱՄՆ-ի իշխանությունները միջոցառումներ են իրականացնում երկրի տարածքում 2019-nCoV կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով, որի բռնկում է տեղի ունեցել Չինաստանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում:

«Մենք իրոք պլան ունենք, եւ կարծում ենք, որ այն կկատարվի շատ լավ: Այն արդեն իրագործվում է շատ լավ»,- Միացյալ Նահանգների նախագահի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Հունվարի 21-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են երկրում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով մարդու հիվանդանալու առաջին գրանցված դեպքի մասին:

Ավելի ուշ ԱՄՆ-ի իմունիզացիայի եւ շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Նենսի Մեսոնիեն հայտնել Է, որ, իրենց գնահատմամբ, երկրում հիվանդության տարածման հավանականությունը ցածր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: