Թրամփի շտաբը քննադատել է Google-ում քաղաքական գովազդի տեղադրման նոր կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման շտաբը և Հանրապետական կուսակցությունը խստորեն քննադատել են առցանց հարթակի «հսկա» Google ընկերությանը՝ քաղաքական գովազդի տեղադրման կանոնները խստացնելու համար, գրում է US news-ը:

Համատեղ հայտարարությունը ստորագրել են նաև Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատ և Սենատ ընտրվելու հարցերով հանրապետական կոմիտեները:

«Չի կարելի հերքել, որ նախագահ Թրամփը և նրա շտաբը մեծ առցանց արշավ են կառուցել ամբողջ քաղաքական պատմության մեջ, և Google-ի որոշումն անհամաչափորեն կանդրադառնա ինչպես Թրամփի արշավի, այնպես էլ բոլոր հանրապետական թեկնածուների և կազմակերպությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Իրենց հայտարարության մեջ հանրապետականները կասկած են հայտնում առ այն, որ Google-ը նոր սահմանափակումները կկիրառի նաև լիբերալ դեմոկրատների և պահպանողական հանրապետականների դեմ: Թրամփը և նրա քաղաքական դաշնակիցները Google-ին կասկածում են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի համար: Հայտարարության հեղինակները պահանջում են, որ ընկերությունը վերանայի իր որոշումը:

Ավելի վաղ Google ընկերությունը հայտարարել էր, որ թույլ չի տա թեկնածուների շտաբներին կիրառել «նպատակային քաղաքական գովազդ»: Google-ը նախկինի պես թույլ կտա գովազդել նախընտրական արշավները՝ հիմնվելով մի շարք չափանիշների վրա, ինչպիսիք են՝  օգտատերերի տարիքը, սեռը և աշխարհագրական դիրքը:

Սակայն թեկնածուների շտաբների համար այժմ անհասանելի կդառնան համացանցում որոնման պատմության կամ կոնկրետ օգտատիրոջ էջերի այցելությունների մասին տվյալները։ Այս տվյալները նախկինում թույլ էին տալիս գովազդատուներին հնարավորինս ճշգրիտ հարմարեցնել գովազդային արշավը կոնկրետ օգտագործողների համար: Google-ի նոր քաղաքականությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականին և կտարածվի բոլոր կուսակցությունների վրա: Դեմոկրատները նախկինում նույնպես դատապարտել են նորամուծությունը։

Google-ը վերջին ժամանակներս քաղաքական գովազդը սահմանափակող միակ ընկերությունը չէ։ Twitter-ն անցյալ շաբաթ նույնպես ամբողջովին արգելել էր քաղաքական գովազդը։

Tert.am