Google և Facebook ընկերությունների բիզնես մոդելները սպառնում են մարդու իրավունքներին. Amnesty International

Ամերիկյան Google և Facebook ընկերությունների բիզնես մոդելները սպառնում են մարդու իրավունքներին, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է The Verge-ը:

Կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ Google-ը և Facebook-ն օգնել են միավորել ամբողջ աշխարհը և կարևորագույն ծառայություններ են մատուցում միլիարդավոր օգտատերերի, սակայն սպառնում են մարդու իրավունքներին:

«Ընկերությունների բիզնես մոդելը, որը հիմնված է օգտատերերի գործողությունների դիտարկման վրա, մարդկանց ստիպում է ֆաուստովյան գործարք (Faustian bargain) կնքել, որի համաձայն նրանք կարող են օգտվել իրենց իրավունքներից առցանց՝ միայն ենթարկվելով մարդու իրավունքների խախտումների վրա հիմնված համակարգին (որոնք առաջարկում են Google-ը և Facebook-ը)»,- ասված է զեկույցում:

Կազմակերպությունն ընդգծում է, որ խոսքը, նախևառաջ, վերաբերում է անձնական տարածքի նկատմամբ «աննախադեպ ոտնձգությանը», ինչպես նաև խոսքի ազատությանը, խտրականությանը և այլն:

«Google-ի և Facebook-ի օգտատերերի համար գաղտնիության աստիճանական ոչնչացումն ուղղակի արդյունք է այն բանի, որ ընկերությունները շուկայում գերիշխող դիրք են ձեռք բերել և վերահսկողություն են հաստատել համաշխարհային հանրային տարածքի նկատմամբ»,- կարծում է կազմակերպությունը: