Թրամփն ու Էրդողանը հաստատել են, որ իրենց հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում: Այս մասին հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը: Փոխանցում է РИА Новости-ն:

Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ դեռ չի որոշել, կկայանա՞ արդյոք նախատեսված հանդիպումը և որ որոշում կկայացնի միայն Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի: Երկու նախագահներն էլ հաստատել են, որ Վաշինգտոնում կհանդիպեն նոյեմբերի 13-ին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները»,- գրված է հայտարարությունում:

Դոնալդ Թրամփը, իր հերթին, Թվիթերի իր էջում գրել է, որ «լավ հեռախոսազրույց է ունեցել» Էրդողանի հետ: Խոսակցության ժամանակ հիմնականում խոսվել է Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:

«Էրդողանն ինձ տեղեկացրեց, որ թուրք զինվորականները բռնել են «Իսլամական պետության» մի քանի զինյալների, այդ թվում` ահաբեկիչ-մարդասպան ալ-Բաղդադիի կնոջն ու քրոջը»,- գրել է Թրամփը: