Ամերիկացի գիտնականները ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները վերջին 20 տարում առաջին անգամ ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել: Ինչպես գրում է РИА Новости կայքը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, հետազոտություններն իրականացրել են Abbott Laboratories կորպորացիան ու Միսուրիի համալսարանի գիտնականները:

Հայտնաբերված նոր շտամը ՄԻԱՎ-1 տեսակի M խմբի մասն է կազմում: ՄԻԱՎ-ն ունի բազմաթիվ ենթատեսակներ կամ շտամներ: Ինչպես և ցանկացած այլ վիրուս, այն նույնպես կարող է փոփոխվել ու ժամանակի ընթացքում մուտացիայի ենթարկվել: Սակայն սա M խմբի առաջին նոր շտամն է, որը հայտնաբերվել է 2000 թվականին ենթատեսակների դասակարգման սկզբունքների սահմանումից հետո:

«Սա կարող է իսկապես մարտահրավեր լինել ախտորոշիչ թեստերի համար», – հայտարարել է կորպորացիայի ավագ գիտաշխատող Մերի Ռոջերսը, որի ընկերությունը թեստավորում է արյան համաշխարհային պաշարների ավելի քան 60%-ը, փնտրում է նոր շտամներ և հետևում արդեն իսկ հայտնաբերվածներին:

Միևնույն ժամանակ ալերգիաների և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուշին հորդորել է մարդկանց չանհանգստանալ: «Խուճապի մատնվելու կամ անգամ մի փոքր անհանգստանալու պատճառ չկա: Շատ քիչ մարդ է վարակված: Դա անոմալիա է», – հայտարարել է նա:

Նոր ենթատեսակի գոյության մասին հայտարարելու համար գիտնականները պետք է միմյանց հետ կապ չունեցող վարակման երեք դեպք հայտնաբերեն: Այս դեպքում վարակման երեք դեպքն էլ հայտնաբերվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 1989, 1990 և 2001 թվականներին:

Tert.am