ԱՄՆ-ում տարածում գտած մթերքների 60 տոկոսից ավելին վնասակար է ճանաչվել

Ամերիկացի սննդագետներն անցկացրել են շուկայի բոլոր մթերքների «ցուցակագրում» եւ առանձնացրել առանձնապես համեղ, բայց վնասակար ուտելիքի երեք գլխավոր գծերը: Նման կերակրատեսակներն իրենց մեջ մեծ քանակություններով ճարպ եւ աղ, շաքար եւ աղ կամ շաքար եւ ճարպ են համակցում:

Գիտնականները վնասակար են համարում ամերիկյան շուկայում տարածված մթերքների մոտավորապես 60 տոկոսը: Նրանց հետազոտությունը հրապարակել է Obesity գիտական հանդեսը։

«Եթե մեր եզրակացությունները հաստատվեն, ապա մեզ, հնարավոր է, հարկ կլինի գնորդներին նման ուտելիքի չափազանց գրավիչ համի մասին նախազգուշացնել հատուկ տարբերանիշերի օգնությամբ: Ի լրումն կարելի է դրա վաճառքի սահմանափակումներ մտցնել դպրոցական ճաշարաններում, քանի որ նման կերակուրն ազդում է երեխաների մարմնի եւ ուղեղի զարգացման վրա»,-հայտնել է Թերա Ֆացինոն՝ հետազոտության հեղինակներից մեկը:

Վերջին տարիներին բժիշկները եւ սննդագետները հաճախ են գալիս այն եզրակացության, որ բարձր կալորիականություն ունեցող արեւմտյան սննդակարգը մի շարք բացասական գծեր ունի, որոնք շատ վտանգավոր են մարդու առողջության համար: Օրինակ, վերջերս ուսումնասիրողները պարզել են, որ յուղալի ուտելիքը եւ ֆասթֆուդը արագացնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը եւ ուղեղի աշխատանքը փոխում են այնպես, որ մարդը մոռանում է, որ ինքն արդեն կերել է:

Ինչպես նշում է Ֆացինոն, համանման առանձնահատկություններով է օժտված ոչ միայն ֆասթֆուրդը կամ պարզապես յուղալի ուտելիքը, այլեւ բարձր կալորիականություն ունեցող մյուս կերակրատեսակները, որոնք մարդուն ստիպում են չափից ավելի շատ ուտել: Բոլոր գիտնականները համակարծիք են այն հարցում, որ նման «գերախորժելի մթերքներ» գոյություն ունեն, սակայն ոչ ոք, նրա խոսքով, չի փորձել տալ դրանց ստույգ բնորոշումը:

Կանզասի համալսարանից սննդագետները փորձել են լրացնել այդ բացթողումը, կատարելով այն բոլոր սննդամթերքների յուրօրինակ «ցուցակագրումը», որոնք հասանելի են ամերիկյան շուկայում: Ընդհանուր առմամբ նրանք վերլուծել են գրեթե 8 հազար մթերքների առանձնահատկությունները, որոնց բաղադրությունը եւ սննդային որակները մանրամասնորեն ուսումնասիրել են հետազոտողների այլ խմբեր: «Մենք վերցրել ենք ամենատարբեր մթերքների սննդային հատկությունների նկարագրությունները՝ սկսած ժողովրդականություն վայելող մակնիշների թխվածքաբլիթներից ու ֆասթֆուդից եւ վերջացրած պանրով:

Դրանք մտցրել ենք ծրագրի մեջ, որը շատ հստակորեն գնահատել է դրանցում առկա տարբեր բաղադրատարրերի քանակությունը: Համեմատելով դրանց համակցությունը՝ մենք փորձել ենք որոշել, թե ինչ բաղադրիչներ են որոշել համը եւ ուժեղացրել միմյանց ազդեցությունը»,-պարզաբանել է Ֆացինոն: Հավաքելով այդ տվյալները՝ գիտնականները պատրաստել են մի քանի դիագրամներ, որոնցում մթերքները խմբավորվել են բաղադրատարրերի տարբեր համակցություններով: Դա նրանց թույլ է տվել առանձնացնել երեք տեսակի նման համակցություն, որոնք ուղղակիորեն կապված էին սննդային մեծ գրավչության հետ:

Ինչպես պարզվել է, դրանցում զուգակցվում էին մեծ քանակությամբ աղ ու ճարպեր, շաքար ու ճարպեր կամ շաքար ու աղ: Առաջին կատեգորիային վերաբերում են այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսին են բեկոնը կամ հոթ-դոգերը, երկրորդին՝ պաղպաղակը կամ հրուշակեղենը, երրորդին՝ փոփկոռնը եւ տարատեսակ թխվածքաբլիթները: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի շուկաներում հասանելի մթերքների կեսից ավելին մտնում է այս երեք կատեգորիաներից առնվազն մեկի մեջ, իսկ դրանցից գրեթե յուրաքանչյուր տաներորդը միանգամից երկուսի կամ բոլոր երեքի մեջ:

Ֆացինոն եւ նրա գործընկերները պլանավորում են համանման հետազոտություններ անցկացնել տարբեր տարածաշրջանների, մասնավորապես, Իտալիայի համար, որի խոհանոցը ներկայում ամենաօգտակարներից մեկն է համարվում առողջության համար: Այդ հետազոտությունները, ինչպես հուսով են գիտնականները, ցույց կտան, թե հատկապես ինչ կերպ պետք է կարգավորել ֆասթֆուդի ամերիկյան ու գլոբալ շուկան եւ ինչպես կարելի է շտկել այդ իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am