ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքից Ֆլորիդա հարկային գրանցման վայրի փոփոխությունը բացատրել է Նյու Յորք քաղաքի ու նահանգի քաղաքական գործիչների վատ վերաբերմունքով: Այս մասին նա հայտնել է Twitter-ում, գրում է The New York Times-ը:
«Չնայած այն հանգամանքին, որ ես քաղաքին ու նահանգին ամեն տարի միլիոնավոր դոլարների հարկեր եմ վճարում, ինձ հետ քաղաքի, ինչպես նաև նահանգի քաղաքական առաջնորդները շատ վատ են վերաբերվում: Շատ քիչ մարդիկ են նման վատ վերաբերմունքի արժանացել: Ինձ համար ցավալի էր ընդունել այս որոշումը, բայց, վերջին հաշվով, այդպես ավելի լավ կլինի բոլորիս համար»,- ուրբաթ Twitter-ում գրել է Սպիտակ տան առաջնորդը:
Նրա խոսքով՝ որպես նախագահ՝ ինքը շարունակելու է օգնել Նյու Յորքին և նրա բնակիչներին:
Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին Թրամփը «բնակության վայրի մասին հայտարարագիր» էր ներկայացրել, որում Ֆլորիդա նահանգի հարավում գտնվող իր «Մար-ա-Լագո» կալվածքը գրանցել էր որպես իր բնակության հիմնական վայր:
Մինչ այդ նախագահի գրանցման նախկին վայրը նշվում էր Մանհեթենի կենտրոնում գտնվող Trump Tower երկնաքերը, որտեղ նաև գտնվում է Թրամփի ընկերության գլխավոր գրասենյակը: Որպես լրացուցիչ բնակության հասցեներ՝ նշված են Սպիտակ տունը և Նյու Ջերսի նահանգում գտնվող գոլֆ-ակումբը: Բնակության վայրի փոփոխության վերաբերյալ համանման փաստաթղթեր է ներկայացրել նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Պարբերականում նշվում է, որ Թրամփի քաղաքական հակառակորդները և որոշ դատախազներ ձգտում են հասնել Թրամփի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ հույս ունենալով դրանցում գտնել օրենքի հնարավոր խախտման վկայություններ: