Կալիֆոռնիայում հրդեհը մոտեցել է Ռոնալդ Ռեյգանի Նախագահական գրադարանին

Կալիֆոռնիայում մոլեգնող բնական հրդեհն ընդհուպ մոտեցել է Ռոնալդ Ռեյգանի Նախագահական գրադարանին, որն ամենամեծն է ԱՄՆ-ի տասներեք ֆեդերալ նախագահական գրադարաններից: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

Հրշեջները ջանում են կանգնեցնել կրակի հետագա տարածումը, որը գտնվում է շենքից ընդամենը մոտավորապես 30 մետր հեռավորության վրա: Գրադարանի ֆոնդում պահվում է 60 մլն էջ փաստաթղթեր, ավելի քան 1,6 մլն լուսանկար, 150 կիլոմետր կինոժապավեն, տասնյակ հազար լսա- եւ տեսաերիզներ: Թանգարանի արխիվներում պահվում են նաեւ Ռեյգանի անձնական փաստաթղթերը: Բացի այդ, այն տարածքում, որն զբաղեցնում է գրադարանի շենքերի համալիրը, թաղված է ԱՄՆ-ի քառասուներորդ նախագահը՝ Ռոնալդ Ռեյգանը: Գրադարանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ մինչ այժմ օբյեկտը հրդեհից վնասներ չի կրել:

Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի եւ Վենտուրայի օկրուգների մեծ մասում պահպանվում է հրդեհների հետ կապված սպառնալիքի բարձր մակարդակը: Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացնում է չոր եղանակի եւ ժամում 112 կիլոմետր արագությամբ քամու պատճառով բռնկումների մեծ վտանգի մասին: Լույս հոկտեմբերի 31-ի գիշերը կրակն ընդգրկել է Լոս Անջելեսից հյուսիս Սիմի-Վելի եւ Մուրփարք քաղաքների միջեւ ընկած տարածքը: Հրշեջները պահանջել են շուրջ 30 հազար մարդու տարհանում:

Չդադարող բնական հրդեհների պատճառով հոկտեմբերի 30-ին Կալիֆոռնիայի 30 օկրուգներում ավելի քան 1,5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Կոմունալ ծառայությունները հաճա ստիպված են լինում անջատել էներգամատակարարումը, որպեսզի իրենց սարքավորումները պաշտպանեն վնասվածքներից չդադարող հրդեհների պատճառով, որոնք մոլեգնում են ինչպես նահանգի հյուսիսում, այնպես էլ հարավում: Բնական հրդեհները Կալիֆոռնիայում զանգվածային տարհանման են հանգեցրել Լոս Անջելեսի մի քանի շրջաններում:

Անցած կիրակի օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Կալիֆոռնիայի 58 օկրուգներից 43-ում հայտարարված է վտանգի կարմիր մակարդակ: Նյուսոմի խոսքով՝ հրդեհները, որոնք Կալիֆոռնիայում մշտապես մոլեգնում են հոկտեմբերին, այս տարի առանձնակի վտանգ են ներկայացնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

168.am