Պատմական քվեարկություն. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել պալատի քննարկմանն ու քվեարկությանը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատում փակ քվեարկության կդրվի երեքշաբթի կեսօրին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, գրում է asbarez.com-ը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կանոնադրական հանձնաժողովի ղեկավար պարոն Ջիմ Մաքգովերնին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար պարոն Էլիոթ Էնգելին, կոնգրեսականներ պարոն Քրիս Սմիթին և տիկին Աննա Էշուին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության դնելու հարցում մեծ աջակցության համար: Մենք հորդորում ենք հայկական համայնքի մեր ներկայացուցիչներին շարունակել կոչ անել Կոնգրեսին և պահանջել, որ քվեարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովի նախագահ Ջիմ Մաքգովերնը լսումները սկսել է հզոր բացման խոսքով՝ ասելով, որ 296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատի համար հնարավորություն է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելու և ընդունելու, որ դա ցեղասպանություն էր:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելն էլ ասել է. «Բոլորս ենք անհանգստացած այն ամենով, ինչ կատարվում է աշխարհի տարբեր կետերում: Հայոց կոտորածը ցեղասպանություն էր, և հիմա բոլորս ենք անհանգստացած քրդերի ճակատագրով: Այն տեղի է ունենում հենց հիմա, և կրկին Թուրքիան է կանգնած այդ ամենի ետևում: Եվ եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու համար, հիմա, անկասկած, ճիշտ ժամանակն է»: