ԱՄՆ-ը նոր լրատվամիջոց է ստեղծում, քանի որ «Ամերիկայի ձայնը» գլուխ չի հանում իր աշխատանքից. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 3-ին Ֆլորիդայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, հայտարարել է, որ «Ամերիկայի ձայնը» եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պետբյուջեից, գլուխ չեն հանում իրենց աշխատանքից, ուստի ամերիկյան իշխանությունները դիտարկում են արտասահման հաղորդումներ հեռարձակելու համար նոր զանգվածային լրատվամիջոցի տեղծումը:

Այն կդառնա CNN լրատվական հեռուստաընկերության այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ։ «CNN-ը Միացյալ Նահանգների սահմաններից դուրս շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան երկրի ներսում: Այն ամենից, ինչ դուք տեսնում եք այստեղ, շատ բան հեռարձակվում է ամբողջ աշխարհում: Մենք ունենք «Ամերիկայի ձայնը» եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա»-ն:

Մենք դրանք ստեղծել ենք մեր երկիրն ուժեղացնելու նպատակով, բայց այժմ նրանք լավագույն ձեւով չեն աշխատում»,- նշել է նախագահը: Նա ընդգծել է, որ CNN-ին լսում են արտասահմանում:

«Դա ահավոր է մեր երկրի համար: Մեզ հարկ կլինի գործարկել մեր սեփական հեռուստացանցը եւ դրանով հաղորդել իսկական նորություններ, որովհետեւ նրանք (CNN-ը) իրոք վնասաբեր են մեր երկրի համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: «Մենք իրապես դիտարկում ենք դա.. կվերցնենք հիրավի տաղանդավոր մարդկանց, մենք իսկական, այլ ոչ թե կեղծ ձայն կունենաք արտասահմանում»,- եզրափակել է նախագահը, որն անցյալ տարվա նոյեմբերին հանդես է եկել CNN-ին այլընտրական գլոբալ հեռուստացանց ստեղծելու առաջարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am