Հրապարակվել է Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցի սղագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սպիտակ տան կայքէջում հրապարակել է հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի սղագրությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ամբողջական սղագրությունը տես այստեղ։

Հենց այս զրույցի պատճառով է սկսվել ԱՄՆ նախագահի իմփիչմենտի գործընթացը։

Ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «լավ կլիներ», եթե Զելենսկին և Ուկրաինայի Գլխավոր դատախազն ուսումնասիրեին Հանթեր Բայդենի գործը։ Հանթեր Բայդենն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին է, իսկ Բայդենը կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցն է համարվում։

Իր հերթին Զելենսին հայտնել է, որ նոր Գլխավոր դատախազը կզբաղվի այդ գործով․ «Նա կուսումնասիրի իրավիճակը, հատկապես այն, ինչը վերաբերում է ընկերությանը, որի մասին դուք հիշատակել եք։ Այս գործի քննությունը, իրոք հանդիսանում է ազնվության վերականգնման հարց, այնպես որ մենք հոգ կտանենք այդ մասին և կաշխատենք քննության վրա»,-ասել է Զելենսկին Թրամփի հետ զրույցում՝ խնդրելով ԱՄՆ նախագահին տրամադրել հավելյալ տեղեկություններ, քանի որ այն կօգնի գործին։

Հրապարակված սղագրությունից հետևում է, որ Թրամփն ու Զելենսկին չեն քննարկել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։

Երկու նախագահները քննարկել են նաև այլ հարցեր, մասնավորապես Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան եվրոպական երկրները, ինչի հետ համաձայնել է Զելենսկին։

«Դուք միանգամայն ճիշտ եք։ Ես խոսել եմ Մերկելի հետ, հանդիպել եմ նրան, խոսել և հանդիպել եմ նաև Մակրոնի հետ և ասել, որ նրանք չեն անում այնքան, որքան անհրաժեշտ է պատժամիջոցների հարցում։ Նրանք չեն պահպանում պատժամիջոցները»։