Թրամփն Իրանի դեմ պատերազմը «ծայրահեղ տարբերակ» է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների ֆոնին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի մասին խոսք լինել չի կարող, «կան բազմաթիվ այլ տարբերակներ», գրում է Voanews-ը:

«Կան ծայրահեղ տարբերակներ, ինչպես նաև այլ շատ ուրիշ՝ մեղմ տարբերակներ: Ծայրահեղ տարբերակ ասելով՝ նկատի ունեմ պատերազմը: Ո՛չ, մենք չենք պատրաստվում որդեգրել ծայրահեղ տարբերակը»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան ղեկավարը և վստահեցրել. «Մենք պահպանում ենք մեր անսասան դիրքերը»:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Թրամփն իր այս հայտարարությունն արել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները «զգալիորեն» մեծացնելուց ժամեր անց:

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի նավթային օբյեկտների վրա հարձակումների համար:

«Ֆինանսների նախարարին հրահանգել եմ զգալիորեն ընդլայնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ»,-  իր թվիթերյան էջում գրել էր Թրամփը:

Ավելի վաղ Իրանն ԱՄՆ-ին ուղերձ էր հղել Շվեյցարիայի միջոցով, որտեղ բացառել էր Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության նավթային օբյեկտների վրա հարձակմանն իր մասնակցությունը, ինչպես նաև հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ն «պատասխան կտա», եթե Իրանի դեմ որևէ պատժամիջոց ձեռնարկվի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել երկրի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարանների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական մոտ 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը: