Թրամփը Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի, գրում է The Wall Street Journal-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են (ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների համար- Tert.am) ֆրանսիական «թվային հարկի» շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Առաջնորդները պայմանավորվել են նաև Պարսից ծոցում նավագնացության և առևտրի ազատությանը սպառնացող Իրանի գործողությունները խափանելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահը վերստին հաստատել է, որ ներկա դրությամբ չի պատրաստվում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:

tert.am