2019 թ. մայիսի 29-ին երկու ամերիկահայեր ներկայացրել են եզակի դատական հայց, որը հիմնված չէր Հայոց ցեղասպանության վրա, Միացյալ Նահանգների դաշնային դատարան, Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի, ընդդեմ Թուրքիայի կառավարության:
Դատական հայցը հարուցվել է 88-ամյա Պարգև Ղազարյանի և նրա որդու՝ Կարո Ղազարյանի կողմից՝ պնդելով «տարեցների նկատմամբ օրենքով սահմանված բռնության գործադրման, դիտավորյալ հուզական տագնապի պատճառման, միջազգային օրենքի խախտման, վստահված անձի պարտականությունների խախտման և ժառանգության ակնկալիքին դիտավորյալ միջամտության մասին», ասված է «Կիրկոնյան Դաջանի» ՍՊԸ փաստաբանական ընկերության կողմից ներկայացված 44 էջանոց բողոքում: Հայցվոր Պարգև Ղազարյանը Միացյալ Նահանգների քաղաքացի է, ծնված 1931 թ. ապրիլի 20-ին Թուրքիայի Քալադուրան գյուղում: Նա այժմ բնակվում է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Նրա որդին՝ Կարո Ղազարյանը, որը ծնվել է Բեյրութում, Լիբանան, ևս Միացյալ Նահանգների քաղաքացի է և ապրում է Գլենդելում: Բողոքում պնդում են, որ հայցվորներին հասցվել է անձնական վիրավորանք, որը պատճառվել է ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարության աշխատակիցների կամ գործակալների խճճված գործողությունների կամ թերացման պատճառով: 1930-ական թվականներին Քալադուրանը փոքր հայկական գյուղ էր ներկայիս Սիրիայի Քեսաբի ծայրամասում: Պարգև Ղազարյանը մկրտվել է որպես հայ քրիստոնյա «Բալում, Թուրքիա գտնվող սրբազան արարողությունների վայրում, 1931 թվականին», նշված է դատական հայցում: Բալումը կամ Բառլումը հունահռոմեական ավերակների հնագույն տեղանք է, որը գտնվում է Քալադուրանից մի փոքր հեռու: Դարեր շարունակ տեղի հայերը, ներառյալ Պարգևի ընտանիքը, գնացել են ուխտագնացության Բալում՝ կատարելու իրենց կրոնական և մշակութային ծեսերը: 1939 թ.-ին Քալադուրանը բաժանվեց Սիրիայի և Թուրքիայի միջև՝ Պարգևի տունը թողնելով սիրիական կողմում, իսկ նրա ընտանիքին պատկանող դաշտերն ու հողերը մնացին թուրքական կողմում: Քանի որ Բալումը նույնպես մնում էր թուրքական հսկողության տակ, Քալադուրանի հայերը այլևս չէին կարողանում իրականացնել իրենց ծեսերը այդ վայրում: 2017-ի հոկտեմբերի 11-ին Պարգևը որոշել է մեկնել Թուրքիա՝ Բալում այցելելու համար: Նա դիմում է ներկայացրել վիզայի համար Վաշինգտոնում գտնվող թուրքական դեսպանատուն, նշելով, որ նրա մուտքի ակնկալվող ամսաթիվը կլինի 2017 թ. դեկտեմբերի 23-ը: Վիզայի դիմումում՝ «անձնագրի տեսակը» կատեգորայի տակ նա նշել է «Այլ» վանդակը և «Խնդրում ենք մատնանշել» վանդակի տակ գրել է՝ հայ քրիստոնյա: Պարգևը նաև նշել է, որ նա ծնվել է Քալադուրանում, Թուրքիա և մուտք է ուզում «կրոնական ուխտագնացության» նպատակով: Համաձայն հայցի՝ նա նպատակ ուներ «հայրենի կրոնական և մշակութային ավանդույթները փոխանցել որդուն՝ հայցվոր Կարոյին և հետնորդներին»: Պատահականորեն, 2017-ի հոկտեմբերի 8-ին Թուրքիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ նմանատիպ արգելքի հակադարձության մինչև 2017 թ. դեկտեմբերի 28-ը: Պարգևը չուներ ԱՄՆ անձնագիր, սակայն եթե նույնիսկ ունենար, Թուրքիան կմերժեր նրան մուտքի վիզա տալ արգելքի պատճառով: Թուրքիայի դեսպանությունը Պարգևի վիզայի վերաբերյալ դիմումը ստացել է Թուրքիա ժամանելուց 71 օր առաջ, մինչդեռ դեսպանությունը պահանջում էր, որ այդպիսի դիմումները ներկայացվեն մեկնելու ակնկալվող ամսաթվից առնվազն 30 օր առաջ: Պատասխան չստանալով Թուրքիայի դեսպանատան կողմից, Պարգևը հիշեցում է ուղարկել 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ հետաքրքրվելով իր վիզայի դիմումի կարգավիճակի մասին: 2017 թ. դեկտեմբերի 11-ին Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը զանգահարել է Պարգևի որդու գրասենյակ, նշելով, որ դեսպանատունը չգիտեր, թե ինչ տեսակի վիզա է հայցում Պարգևը, չնայած, որ հստակ նշված էր՝«կարճատև այց» վիզայի դիմումագրում: Ի պատասխան՝ 2017 թ. դեկտեմբերի 18-ին Պարգևը էլեկտրոնային նամակ է ուղարկել դեսպանատուն: Այնուհետև, 2017 թ. դեկտեմբերի 22-ին նա հիշեցում է ուղարկել դեսպանատուն՝ գիշերային փոստով: 2017 թ. դեկտեմբերի 22-ի նույն օրը, երբ Պարգևը պետք է թռչեր Թուրքիա, դեսպանության հյուպատոսական բաժինը էլեկտրոնային նամակ է ուղարկել Պարգևին՝ հանձնարարելով նրան անձնագրով նորից դիմել Լոս Անջելեսի Թուրքիայի հյուպատոսարան: Պարգևի փաստաբանների ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները «անհանգստացրել, վրդովել, շփոթեցրել և խանգարել են Պարգևին՝ մտադրվելով արժեզրկել նրա ինքնությունը, որպես Թուրքիայում ծնված հայ քրիստոնյա»: Հայցադիմումում մեջբերված է նաև 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայտարարությունը՝ «Հայերն ընդհանրապես իրավունքներ չունեն այս բարգավաճ երկրում: Հողը ձերն է, հողը պատկանում է թուրքերին: Պատմության մեջ այս հողը թուրքական էր, հետևաբար այն թուրքական է և հավիտյան կմնա թուրքական: Վերջապես հողը վերադարձվել է իր օրինական տերերին: Հայերն ու մյուսներն այստեղ ոչ մի իրավունք չունեն: Այս օրհնված շրջաններն իսկական թուրքերի հայրենի հողերն են»: Հայցադիմումում այնուհետև նշվում է, որ «այդպիսի հայտարարություններով, իսկ հետո օրենսդրական, գործադիր, վարչական և այլ պաշտոնական և (կամ) ոչ պաշտոնական գործողությունների միջոցով, որ ամբաստանյալը ստեղծել է նպատակային քաղաքականություն հենց Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ: Նպատակային քաղաքականության հիմնական նպատակը բնիկ հայ քրիստոնյաներին իրենց իրավունքներից և ինքնությունից զրկելն էր՝ անմարդկայնացնելու, նվաստացնելու, սեփականազրկելու, թշնամացնելու, ընտրելու իրավունքից զրկելու, լուծարելու և այլ կերպ հեռացնելով հայ քրիստոնյաներին իրենց հայրենի հողերից և հայրենի սովորույթներից ու կրոնական սովորություններից այդ հողերում: Այս նպատակային քաղաքականությունը իրականացվել, հիմնարկվել, կատարելագործվել և պահպանվել է ամբաստանյալի հաջորդական կառավարությունների և գործակալների կողմից»: Հայցադիմումում Թուրքիան և նրա գործակալները մեղադրվում են հետևյալ միջազգային պայմանագրերը խախտելու մեջ՝ Պարգևի նկատմամբ իրենց վատ վերաբերմունքով.
– ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագիրը,
– ՄԱԿ-ի սկզբունքները տարեցների համար,
– Լոզանի պայմանագիրը,
– Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը,
– Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը,
– Ծերացման խնդիրների Վիեննայի գործողությունների միջազգային ծրագիրը,
– Ծերացման խնդիրների մադրիդյան միջազգային ծրագիրը,
– ՄԱԿ-ի հռչակագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ:
Ցավոք, Պարգևի առողջությունը վատացել է 2017 թ. Թուրքիա իր կատարելիք այցի պահից և նա այլևս ի վիճակի չէ ճանապարհորդել: Սա վերջին հնարավորությունն էր, որ Պարգևը կարող էր այցելել իր բնօրրանն և որպես հայ քրիստոնյա կատարել իր կրոնական ծեսերը: Թուրքիայի կառավարությունը Պարգևին զրկեց այդ հնարավորությունից՝ նրան արտոնություն չտալով մտնել Թուրքիա: 2019 թ. հունիսի 10-ին ԱՄՆ դաշնային դատարանը հայցվորներին խնդրեց գրավոր հայցադիմում ներկայացնել՝ ոչ ուշ, քան 2019 թ. հունիսի 28-ը, այն մասին, թե ինչու գործը չպետք է կարճվի առարկայական իրավասության բացակայության պատճառով: Դատարանի պահանջով, հայցվորները 25 էջանոց հուշագիր ներկայացրեցին 2019 թ. հունիսի 28-ին՝ բացատրելով, որ Թուրքիան, որպես օտարերկրյա գերիշխանություն, իրավունք չունի խախտել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օրենքները, մասնավորապես ամերիկյան հողի վրա: 2019-ի հուլիսի 11-ին Դաշնային դատարանը որոշում կայացրեց, որ այն «հետաձգում է իր իրավասության մասին որոշումը, մինչև Թուրքիան ստանա հայցը և հնարավորություն ունենա տրամադրելու իր տեսակետները այդ հարցի վերաբերյալ»: Այս հայցադիմումը եզակի հնարավորություն է տալիս հաստատելու հայերի իրավունքները՝ առանց անձնագրի այցելելու իրենց հայրենի հողերը, որոնք այժմ գրավված են Թուրքիայի կառավարության կողմից…
Աղբյուրը www.TheCaliforniaCourier.com