Ինչու է Թրամփը ցանկանում գնել Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան: Իհարկե, ոչ թե ինքը, այլ ԱՄՆ-ն: Նա հայտարարել է, որ Գրենլանդիայի գնումը կդառնա «անշարժ գույքի խոշոր գործարք», որը կարող է թեթեւացնել Դանիայի ֆինանսական բեռը:Գրենլանդիան ինքնավարություն է Դանիայի կազմում, բնակչությունը մոտ 60 հազար է: Այն աշխարհի ամենամեծ կղզին է, հարուստ է բնական պաշարներով, մասնավորապես՝ նավթով: Գրենլանդիայում է գտնվում աշխարհի ամենամեծ սառցադաշտերից մեկը, որը քաղցրահամ ջրի հսկայական պաշար է: Դանիան ամեն տարի 700 միլիոն եվրո է ծախսում սառցադաշտին հետեւելու համար:Գրենլանդիայում է գտնվում ԱՄՆ խոշորագույն ռազմածովային բազաներից մեկը, որի խնդիրն է Արկտիկայում ու հյուսիսային ծովերում նախ ԽՍՀՄ-ի, ներկայում Ռուսաստանի գործողությունների վերահսկումը եւ վաղ տեղեկացումը:Բացի բիզնես-գործարքից, Գրենլանդիայի գնումը կարող է ունենալ նաեւ այլ նպատակ: Չնայած այս ինքնավար կղզին Դանիայի կազմում է, սակայն ունի բավական անկախություն եւ սերտ հարաբերություններ ունի ոչ այնքան Եվրամիության, որքան ԱՄՆ-ի ու Կանադայի հետ, որոնց մոտ է նաեւ աշխարհագրորեն: Այս առաջարկը թերեւս տեղավորվում է անգլոսաքսոնական միավորման Թրամփի ձգտումների հետ, ի հակակշիռ Եվրամիության: Զուր չէ, որ Թրամփն աջակցում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին:ԱՄՆ-ն տարածքներ գնելու փորձ ունի: Օրինակ, 1867 թ. ԱՄՆ-ն Ռուսաստանից գնեց Ալյասկան: Հյուսիսային տարածքները գլոբալ տաքացման ժամանակաշրջանում ձեռք են բերում առավել մեծ նշանակություն: