«Դիվանագիտական վանդալիզմ». ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը հայտնել է, որ Թրամփն Իրանի հետ Միջուկային պայմանագրից դուրս է եկել՝ ի հեճուկս Օբամայի

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Կիմ Դերոքը Լոնդոն ուղարկած հաղորդագրություններից մեկում կարծիք է հայտնել այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս է եկել՝ ի հեճուկս իր նախորդի՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի, գրում է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով՝ դեսպանը, որն օրերս հրաժարական է տվել իր հաղորդագրությունների արտահոսքի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին, նշել է, որ Թրամփի՝ պայմանագիրը լքելու որոշումն անձնական դրդապատճառներ է ունեցել, քանի որ այն կնքվել է Օբամայի նախագահության օրոք: Դերոքը նախագահի նման քայլը դիվանագիտական վանդալիզմ է որակել:

Պարբերականը նշում է, որ հաղորդագրությունը, որում Դերոքը նման կարծիք է հայտնել, ուղարկվել է 2018թ.-ի մայիսին՝ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի՝ այն ժամանակվա արտգործնախարար Բորիս Ջոնսոնը չէր կարողացել համոզել Թրամփին մնալ պայմանագրի կազմում:

Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդագրությունների արտահոսքի մասին տեղեկություններ էր հրապարակել Daily Mail պարբերականը, որը հատվածներ էր բերել Դերոքի հաղորդագրություններից: Պարբերականի համաձայն ՝ Դերոքը դրանցից մեկում հայտարարել է, որ չի հավատում, որ Թրամփի վարչակազմը կդառնա «պակաս դիսֆունկցիոնալ, պակաս անկանխատեսելի», խմբակցությունները՝ պակաս պառակտված, ինչպես նաև կարծիք էր հայտնել, որ ամերիկացի առաջնորդի կարիերան «կարող է ամոթալի ավարտ ունենալ»:  

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ դեսպանը վատ է ծառայել Միացյալ Թագավորությանը: