ԱՄՆ-ում սկսվել է ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսումը

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) վերսկսել է հազարավոր անօրինական ներգաղթյալների ձերբակալման ուղղությամբ ավելի վաղ հայտարարված միջոցառումները, որոնց կոչ էր արվել լքել երկիրը: Այդ մասին հաղորդում է Fox News-ը:

Հանգստյան օրերին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունները սկսվել են ոչ միայն Նյու Յորքում, այլև մի շարք այլ քաղաքներում:

Գործողություններն ուղղված են այն մարդկանց դեմ, որոնք հնարավորություն են ունեցել ներգաղթյալների գործերով դատավորին ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմում ներկայացնել, սակայն որոշել են դա չանել: ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունն այդ մարդկանց հնարավորություն էր տվել դեռ փետրվարին լքել երկիրը, բայց ապօրինի ներգաղթյալների միայն 3 տոկոսն է կատարել այդ պահանջը:

«Մենք հարկադրանքի գործողություններ ենք իրականացնում կոնկրետ այն անձանց դեմ, որոնց դատարանում դատավորի հրահանգով կարգադրվել է լքել երկիրը»,- հայտնել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության տնօրենի պաշտոնակատար Մեթ Օլբենսը:

«Այս պահին մենք այլ ելք չունենք, քան դուրս գալ և իրականացնել նրանց արտաքսումը: Մենք պարզապես կատարում ենք դատավորի օրինական հրամանները»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ից միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործողության մեկնարկի մասին։

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթյալների և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որոնք անօրինական ներխուժել են ԱՄՆ»,-սոցցանցում գրել էր նա: