Թուրքիայում ամուսնությունների տարիքը հասել է 11-ի

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուրաթ Էմիրը խորհրդարանում բարձրացրել է մանկահասակ հարսների հարցը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ երկրում վերջին 5 տարում 84․462 անչափահաս աղջիկ է մայրացել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Էմիրը հիշեցրել է, որ վաղաժամ ամուսնությունները դեմ են սահմանադրությանը, և երեխաների իրավունքների տեսակետից նման ամուսնությունները թե տղա, թե աղջիկ երեխաների իրավունքների խախտում են։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում ամուսնության տարիքը հասել է 11-ի, իսկ վերջին 10 տարվա ընթացքում 16-17 տարեկան 381․418 աղջիկ երեխա է ամուսնացել։

Մուրաթ Էմիրն ընդգծել է, որ վաղաժամ ամուսնության պատճառով հասարակության մեջ էլ ավելի է ամրապնդվում կնոջ՝ առանց այդ էլ անհավասար դիրքը։ «Վաղ տարիքում կամ հարկադրաբար ամուսնացող աղջիկներն անպաշտպան են ընտանեկան բռնության և սեռական չարաշահումների դեմ»,- նշել է պատգամավորը՝ պահանջելով, որ խորհրդարանը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնի։
Աղբյուրը ` 168.am