Լեհաստանում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման եւ ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերը. պատգամավոր

Լեհ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։

Նա նաեւ ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վիզային ռեժիմի պարզեցման, փոխայցելությունների ակտիվացման հարցերը եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը։ «Սա կարեւոր ձեւաչափ է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացման համար՝ բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման տեսակետից»,- ընդգծել է Ավետիսյանը։

Աղբյուրը` News.am