Հունաստանում 210 հազար տարվա վաղեմության մարդկային մնացորդներ են հայտնաբերվել, որոնք ամենահինն են Եվրոպայում

Հունաստանի հարավում 210 հազար տարվա վաղեմության մարդկային գանգի մնացորդներ են հայտնաբերվել, որոնք ամենահինն են Եվրոպայում: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գանգի մնացորդները հայտնաբերվել են Պելոպոնեսի հարավային մասում՝ Մարի թերակղզում գտնվող Ապիդիմա քարանձավում: Եթե մնացորդների տարիքը հաստատվի, ապա կհստակեցվի, որ Homo Sapiens-ն Աֆրիկայից Եվրոպա է եկել ավելի քան 160 հազար տարի ավելի շուտ, քան համարվում էր դրանից առաջ:

Նշվում է, որ մարդկային գանգի մնացորդները հայտնաբերվել են 1970-ականների վերջին՝ Ապիդիմայում պեղումների ընթացքում և տեղափոխվել Աթենքի թանգարան: Ավելի ուշ, գերմանացի հետազոտողները նոր ուսումնասիրություն են իրականացրել՝ պարզելու գտածոի տարիքը: Նրանք կատարել են մնացորդի համակարգչային տոմոգրաֆիա և ստեղծել գանգի 3D մոդելը: Արդյունքում, գիտնականները եզրակացրել են, որ գանգը բնորոշ է Homo Sapiens-ին և ոչ նեանդերտալցիներին, ինչպես որոշվել էր նախկինում: