Քաղաքական մթնշաղ

Ազգի ճակատագիրը կանխորոշում է նրա քաղաքակրթական ներուժը։ Պատմությունը վկա։ Միշտ քաղաքակրթական ներուժով է պայմանավորված եղել տվյալ ազգի պետականակարողությունը, որն էլ բոլոր ազգերի համար միջազգային հարմարվողականության երաշխիքն է եղել։ Իսկ ի՞նչ անենք մենք՝ հայերս, մեր ապրած ու չապրած ճակատագրի հետ։ 

Մեր ճակատագիրը փոխելու համար մեզ պե՞տք է արդյոք համաշխարհային կյանքի սցենարից նորից դուրս գալ։ Քաղաքական բոլոր այն գաղափարախոսությունները, որոնց միջոցով որոշ պետություններ նոր տնտեսակարգ ստեղծելով նոր աշխարհակարգ են թելադրել աշխարհին՝ բախվելով իրականության հետ, պսակվել են համաշխարհային մեծ արհավիրքներով։ Կոմունիզմն ու ֆաշիզմը հեղինակած երկրներն այսօր կանգնած են քաղաքակրթական անհետացման վտանգի առջեւ։

Ռուսաստանը տնտեսապես մարում է, տարածքապես՝ անօրինաչափ ուռճանում, իսկ ռուսների աչքերի գույնն արդեն վաղուց է փոխվել։ Պուտինին թվում է, թե իր երկրի միակ թշնամին Թրամփն է, որն էլ շուտով թոշակի է անցնելու։ Գերմանիան ու եվրոպական շատ երկրներ արդեն ազգազրկվել են։ Գերմանիան Էրդողանի գրած «Ֆաուստն» է արդեն կարդում ու թուրք սազանդարների «դաշնամուրային կոնցերտներն» է լսում։ 

Ո՞ւմ ձեռքով են գրվել միջազգային տնտեսաքաղաքական կյանքի ու ազգերի գոյաբանական սցենարները։ Ձեռակե՞րտ են արդյոք համաշխարհային քաղաքական կյանքի բոլոր սցենարները։ Մենք կարո՞ղ ենք դուրս գալ այդ սցենարներից։ Ո՞ր ազգի ձեռքով քրիստոնեությունն աշխարհ մտավ, որը մերժել տվեց շատ առաջադեմ ժողովուրդների քաղաքակրթական անցյալն ու փոխեց նրանց հարուստ մշակութային կյանքը։ 

Թուրքերն ու ադրբեջանցիներն այսօր 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում ամենաշատը 9 միլիոն ենք: Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը: Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ՝ Արեւմուտքը: Դավիթ Բեկի գործունեությունը, առհասարակ, բացառիկ էր եւ ավելի մեծ ուշադրության արժանի: Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա:

Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Եվրոպային, Արեւմուտքին եւ Ռուսաստանին: Նրանք պետք է Արցախի հարցը լուծեն, Հայաստանում խոշոր ներդրումներ անեն, իսկ մենք գող ու ավազակ իշխանավորներ կերակրենք։ 

Փոխենք ինքներս մեզ, կփոխվի նաեւ սցենարը։ Եթե մենք ոչինչ չենք անում, մեզ ինչո՞ւ պետք է ուրիշն օգնի։ Այսօր մեր բոլոր ուժերը պետք է համակենտրոնացնենք սեփական ճակատագրի ճահճից դուրս պրծնելու համար։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը: Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու: Լուծողը միայն մենք՝ հայերս ենք: Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը:

Հիմա երկու խոսք՝ մերօրյա քաղաքական մթնշաղի մասին։ Աշխատանքը հայի տարերքն է։ Այսօր մենք մեր երկրում ունենք ամեն ինչ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա մեր «երրորդ ուժը»։ Ներկրում ենք փողով ամեն ինչ։ Դարձել ենք արտերկրի տնտեսական գաղութը։ Արտահանվում են մեր երկրի ընդերքի հարստությունները՝ ոսկու եւ մոլիբդենի խտանյութի տեսքով, հիմնականում որպես նախկին իշխանավորների կողմից շարունակվող ստվերային գործարք։

Դրանք տեղում վերամշակելը կարծես թե ամոթ է։ Իշխանություններն աշխատատեղեր ստեղծելու հույսը դրել են օտարերկրյա ներդրողների՝ «երրորդ ուժի» վա։ Մեր աշխատուժն օգտագործում է Ռուսաստանն իր տարածքում՝ կոպեկների դիմաց։ Աշխարհում կիրառական գիտության մեջ չկա մի բնագավառ, որտեղ հայերը գիտական մեծ ներդրումներ արած չլինեն։ Հայաստանի անկախացումից հետո մեր իշխանությունները գիտությունից զզվում են, ինչ էլ հնից մնացել է, դատարկ ու ձեւական է։ Սուտ ու փուչ են բոլոր այն տնտեսական ծրագրերը, որնց մասին խոսում են մեր հետհեղափոխական իշխանությունները։

Այն, ինչն այսպես թե այնպես, անկախ կառավարությունից, պետք է արվեր, դա էլ է դանդաղել։ Շինարարությունը քնած է։ Երեւանում կան այնքան բարձիթողի շինություններ, որոք կարելի էր կոպեկների դիմաց վերանորոգել ու վաճառել բնակարանի կարիք ունեցող մարդկանց։

Ավազակներն ու անուղեղները մեր երկիրը միշտ էլ քանդել են։ Ծայրահեղությունից՝ ծայրահեղություն։ Ավազակներից հազիվ ազատվեցինք՝ եկան անուղեղները։ Նիկոլն իր արածով մեր փառքի երկնակամարում, իհարկե, իր ուրույն տեղն ունի։ Նա երկիրը բերել է մի իրավիճակի, որ մենք գործնականորեն կարող ենք ազատվել մեր ազգային արտավոր պայմանականություններից։

Սակայն, չգիտես ինչու, ուշանում են տնտեսական հեղափոխության նիկոլները։ Նիկոլը կարող է իր ու ժողովրդի արածը ջուրը գցել, եթե նա հույսը դնի «երրորդ ուժի» վրա ու գործնականորեն չլծվի Հայաստանի գիտական ներուժը մեր տնտեսության զարգացման հիմնական գործոնի վերածելուն։

Աղբյուրը` Hraparak.am