Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր ամենամեծ երկրպագուն է: Նա նաև պատմել է, որ հիանալի հարաբերություններ ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ըստ Թրամփի՝ իր նախագահության օրոք Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջեն կտրուկ ավելացել է:
«Եթե նայենք վերջին 15 տարում ՆԱՏՕ-ի բյուջե արվող հատկացումներին, ապա կտեսնենք կտրուկ նվազում: Իսկ այժմ հատկացումները կտրուկ ավելացել են: Կառույցի քարտուղար Ստոլտենբերգը, հավանաբար, Թրամփի ամենամեծ երկրպագուն է… Օրերս նա ելույթ է ունեցել և ասել, որ առանց Դոնալդ Թրամփի, հավանաբար, չէր լինի ոչ մի ՆԱՏՕ»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ մյուս երկրներն արդեն դաշինքի բյուջե են ուղարկել ավելի քան 100 մլրդ դոլար:
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է Գերմանիայի «ոչ բավարար» ներդրումը:
«Գերմանիան վճարում է միայն 1%, նրանք պետք է ավելին վճարեն: Միայն պատկերացրեք՝ ընդամենը 1%: Ստացվում է, որ մենք պաշտպանում ենք Գերմանիային, իսկ նրանք օգտագործում են մեզ»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ հիանալի հարաբերություններ ունի Անգելա Մերկելի հետ:
«Նա նույնիսկ ժպտում է, երբ ես նրան ասում եմ, որ Գերմանիան պետք է շատ վճարի: Նա ժպտում է, որովհետև տարիներ շարունակ դա նրանց հաջողվել է»,- ասել է նախագահը: