Թրամփն արդար ու բովանդակալից առեւտրական համաձայնագիր է խոստացել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կկարողանան արդար ու բովանդակալից երկկողմ առեւտրական համաձայնագիր կնքել այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը դուրս կգա Եվրամիությունից: Դրանում հունիսի 4-ին երկու կողմից խոշոր ընկերությունների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ վստահություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը Մեծ Բրիտանիաում է գտնվում եռօրյա պետական այցով։

«Ես կարծում եմ, որ մենք շատ ու շատ բովանդակալից առեւտրային համաձայնագիր կկնքենք, որը նաեւ շատ արդար կլինի, ինչը, ինչպես ինձ թվում է, ցանկանում են երկու երկրները,-հայտարարել է Թրամփը, որի ներածական խոսքը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը:-Մենք այն կկնքենք»:

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե չի կարող երկրների միջեւ նոր առեւտրական պայմանավորվածությունների կնքման կոնկրետ ժամկետներ նշել: Սպիտակ տանն ավելի վաղ նույնպես ընդգծել են, որ չպետք է բեկում սպասել համաձայնագրի կնքման եւ դրա ստորագրման ամսաթվի հայտարարման հարցում:

«Դուք մեր խոշորագույն գործընկերներն եք, եւ ես կարծում եմ, որ այժմ գոյություն ունի այդ գործընկերությունն ամրապնդելու հիանալի հնարավորություն»,-հավելել է Թրամփը՝ դիմելով հանդիպմանը ներկա բրիտանացի ձեռնարկատերերին եւ երկրի վարչապետ Թերեզա Մեյին:

Բրիտանական կառավարության ղեկավարն իր կողմից նշել է, որ համաձայնագիրը թույլ կտա «ազատ, արդար եւ բաց» պահել երկու երկրների շուկաները: «Այս երկխոսության շնորհիվ, որն ունենք այսօր, մենք կարող ենք երաշխավորել, որ մեր տնտեսական գործընկերությունը ոչ միայն կշարունակվի, այլեւ կշարունակի ամրապնդվել առաջիկա տարիներին՝ ավելի մրցունակ դարձնելով մեր առեւտրային կազմակերպությունները»,-ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներածական խոսքում, որից նախօրյակին քաղվածքներ է տարածել Մեյի դիվանատունը Դաունինգ-սթրիթ, 10-ում:

Հանդիպմանը մասնակցել են հինգ բրիտանական եւ հինգ ամերիկյան ընկերությունների՝ BAE Systems-ի, GSK-ի, National Grid-ի, Reckitt Benckiser-ի, Barclays-ի, Lockheed Martin-ի, JP Morgan Chase-ի, Goldman Sachs International-ի, Bechtel-ի, Splunk-ի ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am