Նիգերիայում կրթական ոլորտի պաշտոնյան ասել է, թե միլիոնների հասնող պետական միջոցներն «օձն է կուլ տվել»

Նիգերիայի Բենուե նահանգի կրթության նախարարության աշխատակցուհին, որը վստահեցնում էր, թե պետական միջոցներն օձն է կուլ տվել, մեղադրվում է խարդախության համար, գրում է lenta.ru-ն:

2018 թվականի սկզբին աուդիտորները նահանգի վարչական կենտրոն Մակուրդի քաղաքում քննական խորհրդի տեղական մասնաճյուղում ստուգումներ իրականացնելիս հայտնաբերել էին, որ 36 մլն նիգերիական նայրա է անհետացել: Կառույցի աշխատակցուհի Ֆիլոմինա Չիշեն գումարի բացակայությունը բացատրել էր «գերբնական միջամտությամբ»:

Նա պատմել է, որ մշտապես քննական խորհրդի գումարը պահել է ապահով վայրում, սակայն փողերն անընդհատ կորել են:

«Ես չէի հասկանում՝ ո՞ւր են անհետանում միլիոնները: Սկսեցի հարցնել բոլորին՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, սակայն ոչ մեկ չկարողացավ ասել՝ ինչպե՞ս են անհետանում փողերը: Ես շարունակում էի ճնշում գործադրել, մինչև որ իմ սպասուհին խոստովանեց: Նա ասաց, որ տուն է ներթափանցել «խորհրդավոր օձ» և կուլ տվել փողերը»,- պատմել է կինը:

Քննիչները վստահեցրել են, որ զննել են հանցագործության վայրը, սակայն չեն հայտնաբերել ո՛չ օձին, ո՛չ էլ ապացույց նրա, որ սողունը մոտակայքում է թաքնվում:

2018 թվականի մարտին Չիշեն ձերբակալվել է, իսկ օգոստոսին ևս մի ֆանտաստիկ բացատրություն առաջ քաշել: Նա նշել է, որ գումարը բանկային հաշիվներից հանել է քննական խորհրդի մասնաճյուղի համակարգողի կարգադրությամբ: Նա նշել է, թե գումարի մի մասը ծախսվել է կառույցի կարիքների համար, մի մասն էլ համակարգողը վերցրել է իրեն:

Մայիսի 31-ին Չիշեն ու Կրթության նախարարության ևս 5 աշխատակից կանգնել են դատարանի առաջ: Երեքն արդեն հայտարարել են, որ անմեղ են:

tert.am