Ֆրանսիայում Femen շարժման տասնյակ ակտիվիստներ Լուվրի առաջ կիսամերկ ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Femen ֆեմինիստական շարժման շուրջ 60 ակտիվիստ Լուվրի առաջ՝ Պալե Ռոյալ հրապարակում, բողոքի ակցիա է իրականացրել, հաղորդում է Europe 1-ը:

Ակցիայի նպատակն է եղել «հարգանքի տուրք մատուցել» Ֆրանսիայում տարվա սկզբից ի վեր սպանված 16 կանանց:

Ակտիվիստները հանել են վերնաշապիկները և, բռունցքները վեր պահած, մոտ 10 րոպե կանգնել տարբեր բարձրության հարթակներին՝ վարդագույն ծուխ արձակելով ու կանանց իրավունքների պաշտպանության մասին կարգախոսներ վանկարկելով:

Ակտիվիստների կրծքին սպանված կանանց անուններով գրություններ են եղել՝ «Ժոսեթի վրա կրակեցին», «Շանտալին մահու չափ ծեծեցին», «Գաելին մորթեցին հղի վիճակում» և այլն:

«Յուրաքանչյուր երկու օրը մեկ մենք իմանում ենք նոր զոհի մասին, և մինչ այժմ ակնկալվող գործողությունները չեն իրականացվում»,- հայտարարել է շարժման առաջնորդ Իրինա Շևչենկոն՝ դատապարտելով «կառավարության անտարբերությունը»:

 

 

tert.am