Թրամփը կբողոքարկի Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ դատարանի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կբողոքարկի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացումն արգելելու վերաբերյալ դատարանի որոշումը:

«Օբամայի կողմից նշանակված մեկ այլ դատավոր քիչ առաջ մեր դեմ որոշում է կայացրել հարավային պատի վերաբերյալ, որն արդեն կառուցվում է: Այդ որոշումն ուղղված է սահմանային անվտանգության դեմ և հօգուտ հանցավորության, թմրանյութերի ու թրաֆիքինգի: Մենք շտապ բողոքարկում ենք պահանջում»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալիֆոռնիայի դաշնային դատարանը որոշել էր ժամանակավորապես արգելել Պաշտպանության նախարարության՝ Մեքսիկայի հետ պահի կառուցմանն ուղղված դրամական միջոցների օգտագործումը:

Ապրիլի 10-ին Պենտագոնը ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար 2 ընկերությունների հետ շուրջ 1 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել: Թրամփն ավելի վաղ սահմանին արտակարգ դրություն էր մտցրել, որպեսզի պատի կառուցման համար օգտագործի այլ նպատակների համար նախատեսված 6,4 մլրդ դոլարը՝ շրջանցելով Կոնգրեսին, որը, Սահմանադրության համաձայն, պետք է հավանություն տա բյուջեի յուրաքանչյուր ծախսին: Թրամփի այս որոշումն արդեն բողոքարկվել է դատարանում:

tert.am