Միլիոնավոր մարդիկ աշխատանքի չեն գնա հանուն «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի

Մայիսի 19-ին ամերիկյան HBO հեռուստաալիքը կցուցադրի «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի եզրափակիչ 6-րդ սերիան: Ամերիկացիները որոշել են հաջորդ օրն աշխատանքի չգնալ։

 ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ 10,7 միլիոն ամերիկացիներ երկուշաբթի՝ մայիսի 20-ին, չեն գնա աշխատանքի «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի պատճառով: Այս մասին հայտնում է marketwatch.com–ը։

Հարցումների արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների մեծ մասը պատրաստվում է մեկօրյա արձակուրդ վերցնել, հերթափոխի փոփոխություն անել կամ էլ ձևացնել, թե վատառողջ է:

Եվս 27 միլիոն մարդ էլ ծրագրում են մի քանի ժամով ուշանալ աշխատանքից կամ աշխատել հեռահար՝ տնից: Կիրակի երեկոյան աշխատող ևս 6 միլիոն ամերիկացիներ պատրաստվում են պարզապես չներկայանալ աշխատանքի «հարգելի» պատճառով՝ եզրափակիչ սերիան դիտելու և վերջապես իմանալու համար, թե ով է բազմելու «Երկաթե գահին»: Այս մասին գրում է ամերիկյան MarketWatch պարբերականը՝ եզրափակելով հոդվածը սերիալի հայտնի մեջբերումներից մեկի հումորային կիրառմամբ.

«Ի՞նչ ենք մենք ասելու ղեկավարներին երկուշաբթի՝ «Գահերի խաղի» ավարտից հետո»:

«Երևի, ոչ այսօր»:

Հիշեցնենք, որ հայտնի սերիալը հեռուստաէկրաններին է հայտնվել 2011թ.-ին։

armeniasputnik.am