«Եթե ամերիկացիները քայլ անեն, մենք նրանց գլխին կտանք». Իրանում մեկնաբանել են Arlington ավիակիրը Մերձավոր Արևելք ուղարկելու ԱՄՆ որոշումը

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արևելք ուղարկելու Վաշինգտոնի որոշումը, հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը, հայտնում է ria.ru գործակալությունը:

«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության վերջը եկել է, և նրանք պետք է լքեն այն»,- ասել է Խանզադին:

«Պարսից ծոցի շրջան ավիակիր ուղարկելու մասին խոսակցությունները նոր չեն, ԱՄՆ-ն ձգտում է բարձրացնել պատերազմի հավանականությունը»,- հավելել է նա:

Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր-ալի Հաջիզադեն էլ հայտնել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի «գլխին հարված հասցնել»՝ Պարսից ծոցում նրա ներկայության համար, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

«Ավիակիրը, որի վրա գտնվում է նվազագույնը 40-50 ինքնաթիռ և 6000 զինծառայող, մեզ համար լուրջ սպառնալիք էր անցյալում, սակայն հիմա սպառնալիքը վերածվել է հնարավորության: Եթե ամերիկացիները քայլ անեն, մենք հարված կհասցնենք նրանց գլխին»,- ասել է նա:

Իրավիճակի սրումը տեղի է ունեցել Իրանի իշխանությունների վերջին որոշման ֆոնին: Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Թեհրանը նամակ է ուղարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի անդամ 5 երկրի՝ տեղեկացնելով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին:

Իրանի առաջնորդն ընդգծել է, որ միջուկային ծրագրի «վերջը դեռ չի եկել»: Սակայն Թեհրանն իրեն պարտավոր չի համարում հետևելու բոլոր սահմանափակումներին և փոխում է համաձայնագրի երկու կետերի գծով վարած քաղաքականությանը: Դրանք վերաբերում են հարստացված ուրանի ու ծանր ջրի պաշարների պահմանը:

Իրանը 60 օր է տվել 5 գործընկերներին, որպեսզի իրականացվեն Թեհրանի շահերի ապահովման գծով բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ բանկային ու նավթային ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության:

Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ սահմանած, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:

tert.am