Հնագետը 60 տարի անց վերադարձրել է Սթոունհենջից վերցված քարի կտորը (լուսանկարներ)

Բրիտանացի հնագետը, որը 1958թ.-ին մեգալիթյան խոշոր կառույցից՝ Սթոունհենջից որպես հուշ կտոր էր վերցրել, իր 90-ամյակի նախօրեին որոշել է վերադարձնել այն, գրում է Daily Mail-ը:

Ռոբերտ Ֆիլիպսը, որն այժմ ԱՄՆ-ում է բնակվում, չի կարողացել Մեծ Բրիտանիա ժամանել և քարի կտորը վերադարձնելու համար այնտեղ է ուղարկել որդիներին:

Ինչպես նշում է պարբերականը, 1958թ.-ին Ֆիլիպսը Սթոունհենջի տարածքում հնագիտական աշխատանքներ իրականացնող թիմի անդամ է եղել: Աշխատանքների շրջանակում կառույցի քարերից մի քանիսն ամրացվել են մետաղական ցցաձողերով: Դա իրականացնելու համար հսկայական քարերի միջից կտորներ են հանվել:

Միջամտությունից հետո քարի 3 կտոր է մնացել, որոնց այն ժամանակ կարևորություն չի տրվել: Կտորներից մեկը վերցրել է Ֆիլիպսը՝ այն իր գրասենյակում և տանը ցուցադրելու նպատակով, իսկ մյուս երկու կտորների ճակատագիրն անհայտ է:

Գիտնականները հույս ունեն, որ վերադարձված մասնիկի ուսումնասիրությունը կարող է պատասխանել Սթոունհենջի ծագման վերաբերյալ հարցին:

 

tert.am