Վրաստանի ընդդիմությունը երկրի նախագահին մեղադրել է ռուսական քարոզչության տարածման համար և պաշտոնանկությամբ սպառնացել

Վրաստանի ընդդիմությունը երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման գաղափարը «ոչ նպատակահամար» անվանելու համար՝ ընդգծելով, որ «դա ռուսական քարոզչության ուղղակի տարածում է», հայտնում է golos-ameriki.ru-ն:

«Դա ռուսական քարոզչության  ուղղակի տարածում է: Օրեցօր ավելանում է վստահությունը նրա վերաբերյալ, որ Զուրաբիշվիլին իր քաղաքական կարիերան կավարտի պաշտոնանկությամբ՝ չնայած այս փուլում կարևոր է, որ նախքան պաշտոնանկությունը նա այդպիսի հայտարարություններով անշտկելի վնաս չհասցնի երկրին»,-հայտնել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից:

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչները ևս գտնում են, որ նախագահի հայտարարություններից շատերը հակապետական բնույթ ունեն:

Հայտնի է, որ Զուրաբիշվիլին կողմ է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն դեմ է երկրում ամերիկյան ռազմաբազաների տեղակայմանը:

«Չեմ կարծում, որ նման բան անելը խորհուրդ է տրվում: Մենք չպետք է անենք այնպիսի քայլեր, որոնք կարող են որպես սադրանք գնահատվել»,-ասել է Զուրաբիշվիլին: