ԱՄՆ Սենատում կոչ են արել ավելացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Bloomberg

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է Bloomberg գործակալությունը:

«Մեզ ավելի շատ պատժամիջոցներ են պետք, ոչ թե ավելի քիչ»,- ասել է սենատորը:

Նա նաև քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հայտարարությունը, որում վերջինս նվազեցնում էր 2016թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության նշանակությունը:

«Ջարեդն ինձ շատ է դուր գալիս, սակայն նա մի մեծ մանրուք է բաց թողնում: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ կասեինք, եթե ռուսները կամ իրանցիները ապօրինի մուտք գործեին Հանրապետական կուսակցության նախագահական թիմ», -ասել է Գրեհեմը:

Ավելի վաղ Ջարեդ Քուշները ռուսների գործողությունները որակել էր որպես պառակտումներ առաջացնելու նպատակով Facebook-ում մի քանի գովազդային հայտարարություն գնելուն փորձ: Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությունն ավելի մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների քաղաքականությանը, քան ինքը՝ միջամտությունը: