ԱՄՆ-ում զինված անձը կրակ է բացել սինագոգում. կա 1 զոհ, մի քանի վիրավոր

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փոուեյ քաղաքում հրացանով զինված 19-ամյա երիտասարդը ներխուժել է սինագոգ ու կրակ բացել այն պահին, երբ հրեա հավատացյալները պատրաստվում էին նշել Փեսախի (հրեական Զատկի) վերջին օրը:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին, գրանցվել է երեք վիրավոր:

Այնուհետև կրակողը՝ Ջոն Էռնեստը, մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից: Նա հընթացս 911 ծառայություն է զանգահարել ու տեղեկացրել կատարվածի մասին: Ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկաններն ու բաժին տարել:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց մեջ է նաև ռաբբին: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ոստիկանության փոխանցմամբ՝ Էռնեստը նախկինում օրենքի որևէ խախտում թույլ չի տվել, ինչպես նաև աչքի չի ընկել հակասեմական դիրքորոշմամբ:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ կատարվածը «ատելության հիմք ունեցող հանցանքն է»: