Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Սիրելի բարեկամներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկայության և «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրության համար, որի հանդիսավոր բացումն անելու պատիվն ունենք այսօր՝ Ժողովրդավարության և Մարդու իրավունքների տուն խորհրդանշական անունը կրող այս վայրում։

Ուղիղ մեկ տարի է, որ ես՝ որպես ընդդիմադիր խորհրդարանական, նախաձեռնեցի այս ժողովրդական շարժումը՝ լսելի դարձնելու ժողովրդի ձայնը, որ ոտքի էր կանգնել ասելու՝ ՈՉ բռնապետությանն ու անարդարությանը։

Ես ուժ էի ստանում հայրենակիցներիս համերաշխությունից և անկոտրում ոգուց։

Ես սկսեցի այդ երթը, որն անվանեցի «Իմ քայլը», Հայաստանի հյուսիսում գտնվող և մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երևան ընդամենը մի քանի համակիրների ուղեկցությամբ։

Անցնելով մի քաղաքից մյուսը՝ մենք շուտով դարձանք հարյուր, ապա և հարյուր հազարներ։ Մեր քայլերթը գնալով բազմապատկում էր իր ծավալները։ Շատ արագ այն ընդգրկեց ողջ երկիրը։

Տղամարդիկ, կանայք և հատկապես երիտասարդները՝ ավագ դասարանների աշակերտները և ուսանողները, որ քայլում էին մեզ հետ, դարձան այդ խաղաղ քաղաքացիական ընդվզման շարժիչ ուժը։ Ես ուզում եմ, մասնավորապես,  գնահատանքի արժանացնել երիտասարդ կանանց խիզախումը, ովքեր մեզ միացան մանկասայլակներով և  նորածին երեխաներով։

Նրանց խանդավառությունը, անարդարության բացարձակ մերժումն ինձ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ  իմ քայլերթը ճիշտ էր։ Համազգային այդ համախմբումը դարձավ ոգեշնչման մի իսկական աղբյուր՝ գնալու մինչև վերջ այն համոզմունքով, որ Հաղթանակը մերն է լինելու։

Եվ ժողովրդի կամքն իրականություն դարձավ։ Ժողովրդավարությունը հաղթեց։ Ծնվեց Հայաստանի Թավշյա հեղափոխությունը, որը մենք անվանեցինք Սիրո և Համերաշխության հեղափոխություն։

Վստահ եմ՝ ձեզնից շատերը հետևել են մեր հեղափոխության տարբեր փուլերին միջազգային լրատվամիջոցների լայն լուսաբանման շնորհիվ։ Նաև համոզված եմ, որ այստեղ ցուցադրված կադրերը լավագույնս են փոխանցում մեզ համար բացառիկ կարևորությամբ այդ իրադարձության ոգին և աննկարագրելի հույզերը։

Տիկնայք և պարոնայք,

Ինչպես ես նշեցի Վեհաժողովում քիչ առաջ ունեցած իմ ելույթում, մեզ համար մեծ հպարտություն և պատիվ է՝ ունենալ այս առիթը նշելու մեր Թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը Եվրոպայի խորհրդում և վերահաստատել մեր հանձնառությունը այս կառույցի սկզբունքներին ու հիմնարար արժեքներին։

Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը, այն հույս է բերում համամարդկային իրավունքների և ազատությունների համար մարտնչողներին։ Սա ձոն է ժողովրդավարությանն ու Եվրոպայի խորհրդին, որը կարևորագույն ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

Շնորհակալ եմ ձեզ մեր կողքին լինելու համար և հրավիրում եմ ծանոթանալու ցուցահանդեսին»:

Ելույթներով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ցուցահանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Եվրոպայի խորհրդի քարտուղարության պաշտոնյաներ, այդ թվում` հայազգի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսով շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին պատմել է լուսանկարների միջոցով ներկայացված 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքի մասին:

ՀՀ վարչապետը մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահի անունից Խորհրդարանական վեհաժողովի 2019թ. հերթական նստաշրջանի երկրորդ մասի կապակցությամբ տրված ճաշին: Նիկոլ Փաշինյանը Թորբյորն Յագլանդի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԽ բակում, որին հաջորդել է արարողակարգային լուսանկարահանումը մուտքի հարակից մասում տեղադրված խաչքարի մոտ:

Հաջորդիվ Հայաստանի վարչապետն այցելել է Ստրասբուրգի Աստվածամոր տաճար, Ստրասբուրգի քաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրիի և Հայր Բերնարդ Խիբաուտի ուղեկցությամբ շրջել տաճարում, ծանոթացել ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից մեկի ճարտարապետությանն ու պատմությանը: