Վենեսուելայում ուղղաթիռից կրակ են բացել ցուցարարների վրա (տեսանյութ)

Վենեսուելայի Սուլիա նահանգի Կաբիմաս քաղաքում անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել բողոքի ակցիայի մասնակիցների վրա, հայտնում է VPI հեռուստաալիքը Twitter-ի իր էջում:

Կադրերում երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում թաքնվել իրենց գլխավերևում թռչող ուղղաթիռից արձակված կրակոցներից: Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում:

Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ից, երբ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակեց: Ավելի քան 50 երկիր նրան ճանաչել է որպես Վենեսուելայի օրինական ղեկավար: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, լատինամերիկյան պետությունների մեծ մասը, ԵՄ-ն:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Մայք Փենսը Սպիտակ տանը հյուրընկալել են Գուաիդոյի 26-ամյա կնոջն ու վստահեցրել, որ իրենք «100%-ով իր ամուսնու ու նրա առաջնորդած հեղափոխության կողքին են»: