Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պաշտոնյաններից առաջիններից է քվեարկել այսօր մեկնարկած նախագահական ընտրություններում: Հատկանշական է, որ քաղաքապետն ընտրություններին եկել է հեծանվով՝ կրելով համապատասխան մարզահագուստ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Կլիչկոն հրաժարվել է լրագրողներին հայտնել՝ ում օգտին է տվել իր քվեն: Փոխարենը նա ընդգծել է, որ կարևորը ոչ թե Ուկրաինայի նախագահի անունն է, այլ երկրի շարժումը Եվրոպայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրով մեկ բացվել են քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը 20:00-ն:
Ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ըստ վերջին տվյալների՝ թեկնածուների շարքում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30%-ը: Մինչդեռ Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին, ապա նրան պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:
Սոցիոլոգների կանխատեսմամբ՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:
Мэр Киева Виталий Кличко голосует в лицее имени Богуна
Posted by Информатор Киев on Saturday, 30 March 2019