«Ինչի՞ համար եք ինձ բերել այստեղ: Դուք հիվա՞նդ եք: Սա Օսվենցիմն է». Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Մոգիլյովի մարզպետին՝ տեղի անասնագոմերի անմխիթար վիճակի համար (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Մոգիլյովի մարզի ղեկավար Վլադիմիր Դոմանևսկիին, երկրի ղեկավարին խիստ բարկացրել է բարձիթողի վիճակը, որին նա ականատես է եղել Շկլովի շրջանի ագրոհոլդինգ կատարած այցի ժամանակ:

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Լուկաշենկոն բարկացած նկատողություն անում մարզպետին՝ տեսնելով անասնագոմի հակասանիտարական վիճակը:

«Այս կովը հազիվ է շարժվում: Ինչո՞ւ, ինչի՞ համար եք դուք ինձ բերել այստեղ: Որ ես հիմա անվտանգության ծառայությանը հանձնարարեմ ձեռնաշղթանե՞ր հագցնել ձեզ նրա հետ միասին (նկատի ունի ագրոհոլդինգի ղեկավարին-tert.am): Դուք համարում եք, որ սա նորմա՞լ է: Դուք հիվա՞նդ եք: Սա Օսվենցիմն է (համակենտրոնացման ճամբար-tert.am): Այստեղ պետք է լինի չոր, մաքուր, հասկանո՞ւմ եք: Նրանք իրար վրա են կեղտոտում: Այստեղ պետք է կանգնի մի մարդ և անընդհատ մաքրի: Իսկ դուք ինձ համոզում եք, թե դա նորմալ է: Նայեք այս անասունին, նա ամբողջությամբ թրիքի մեջ է»,- բարկացել է նախագահը:

Լուկաշենկոն պահանջել է, որ մինչ երեկո իր սեղանին լինեն բոլոր այն մարդկանց անունները, որոնք իրեն ուղեկցել են այցի ժամանակ:

«Բացի մարզպետից ու մյուսներից, այստեղ եղել են մարդիկ, որոնք պետք է այդ ամենի համար պատասխանատու լինեին: Բոլորին դանակի տակ առնել: Բոլորին: Քրեական գործ հարուցել՝ օրենքի ամբողջ խստությամբ», – հրահանգել է Բելառուսի նախագահը: