Վատիկանի նախկին գլխավոր գանձապահին երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով 6 տարվա ազատազրկման են դատապարտել

Ավստրալիայում կարդինալ Ջորջ Փելը, որը նախկինում զբաղեցրել է Վատիկանի գլխավոր գանձապահի պաշտոնը, ինչպես նաև եղել Ֆրանցիսկոս պապի խորհրդականներից, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է New York Times-ը:

Մեղադրանքը վերաբերում է 1996թ.-ին պատարագից հետո եկեղեցական երգչախմբի անդամ 13-ամյա երկու տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններին:

Դատավճիռը կայացվել է Մելբուռնի շրջանային դատավոր Փիթեր Քիդի կողմից՝ հաշվի առնելով 77-ամյա կարդինալի տարիքը, հանցանքի լրջությունը և գործի հանրայնությունը:

Որոշման համաձայն՝ պատժի առաջին մոտ 4 տարվա ընթացքում մեղավորը վաղաժամ արձակման հայց ներկայացնելու իրավունք չի ունենա:

Կարդինալ Փելը Հռոմեական կուրիայի ամենաազդեցիկ անդամներից է համարվում: Նա 2013թ.-ին Հռոմի պապի ընտրության ժամանակ առաքելական գահի ամենամեծ հավակնորդներից է եղել:

2014թ.-ին Փելը նշանակվել է Վատիկանի գլխավոր գանձապահ և ֆինանսական համակարգում մասշտաբային բարեփոխումներ իրականացրել: 2017թ.-ի հունիսին, երբ հոգևորականը կանչվել էր Մելբուռնի դատարան, Ֆրանցիսկոս պապը նրան Ավստրալիա մեկնելու համար անժամկետ արձակուրդ է տրամադրել: